Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ֆիրի համար անանկ փշոտ ձուկ չեն առներ, սերկևիլով միսն ուտվելու կերակուր չէ, ձեր սենյակը լեփ լեցուն մլուկ է, չե"ք ամչնար դուք, մինչև առտու չկրցի քնանալ, մեղք չէ ինձի... շիտակը ձեզի չփայլեցուցի, որ մասանկ տանջեք, ավանակի տեղ դրիք զիս... կամ մարդու տեղ չդրիք զիս... ձեր ըրածը անկրթություն է, այո՛, այո՛, և մեծ անկրթություն է... կամ այսպես վարվելու չէիք հետս... կամ բացե ի բաց զրուցելու էի, թե ձեր ըրածը պարզապես էշություն է...»։


Վայ, Գամիկ աղա, վայ...


— Մելիտոս աղա, ամոթ եղավ, գիշեր մը չկրցինք էֆենտիին երթալ։ Այս գիշեր երթանք, քանի մը ժամ կը նստինք, կը դառնանք։


— Գիշեր մը կ՝երթանք, կնիկ։


Հետևյալ երեկոյին Մելիտոս աղան տուն կը դառնա և ձեթի հազարնոց շիշը, զոր Պոլիս լեցուցած էր, կնոջը կուտա։


— Մելիտոս աղա, ամոթ եղավ, այս գիշեր երթայինք էֆենտիին։


— Կնիկ, հոգնած եմ, այնքան մտմտուք ունիմ, որ զբոսնելու, ժամանակ անցունելու ախորժակ չունիմ։


Երրորդ երեկոյին Մելիտոս աղան տուն կը դառնա։


— Մելիտոս աղա, ա՛լ մեծ ամոթ եղավ, այս գիշեր անպատճառ երթալու ենք էֆենտիին. կտոր մը կը նստինք, կելլենք, կուգանք։


— Այս գիշեր թող մնա։


Չորրորդ երեկոյին.


— Մելիտոս աղա, այս գիշեր ալ չերթանք նե, ա՛լ բարևը կտրելու է անոնց հետ։


— Կ՛երթանք գիշեր մը, կնիկ, կ՛երթանք, հոգնած-հոգնած եկա, թող տուր, որ շունչ առնեմ։