Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


—Աղեկ, ես ըլլայի նե՝ թևերս կը բրդեին... Մելիտոս աղան ումով է եղեր, շիտակը կը զարմանամ կոր։


Մելիտոս աղան՝ որուն, ինչպես ըսինք, ուսերուն վրա բազմած էր Վահրամ՝ որոտման ձայներ կը լսե։ Կարևորություն չտար, որովհետև քաղաքավարության հակառակ Է ամեն բան լսելը։ Քիչ մը ետքը ծոծրակին վրա տաք տաք անձրև գալք կ՛զգա։ Բարկութենե կը կատղի, դուրս կը տանի բեռը և սպասուհվույն կը հանձնե։


Վահրամ աշխարհ տակնուվրա կընե, կը պոռա, կը կանչե, կուլա։ Սպասուհին իր պարտքը կը կատարե հարկ եղած լաթային փոփոխություններ մուծանելով Վահրամին լաթերուն մեջ, Վահրամ բարկացած Է սակայն քըհ կըսե Մելիտոս աղային, կապտակե զայն պզտիկ թաթիկներովը։ Մելիտոս աղան թող չտար, սպասավորները կը հրավիրեն Մելիտոս աղան քանի մը ապտակ առնուլ, որպեսզի տղան լռե, եթե ոչ, կըսեն, Էֆենտին տղուն ձայնը առնելուն պես կը սրդողի:


Վահրամ կապտակե Մելիտոս աղան և կուզե, որ խոհարարն ալ քանի մապտակ հանե Մելիտոս աղային։ Եվ խոհարարն կստիպվի թեթև կերպով ապտակել Մելիտոս աղան: Բայց վերջապես խոհարարի ապտակն, որքան ալ թեթև ըլլա, կերևի, թե ծանր եկած է Մելիտոս աղային, որ քանի մապտակ առնելեն ետքը ըսավ.


— Ատ ի՞նչ է, կը ցավցնես կոր։


— Տղա՞ ես, ապտա՞կ կըսեն ատոր։ Տղան լռեցնելու համար սանկ երեսդ կը քերեմ կոր։ Թող տուր, Աստվածդ սիրես, քանի մը անգամ ալ զարնեմ, որ լսե սա չարաճճին։


— Տիկինին իմաց տվեք, ես կերթամ կոր։


— Դեռ կանուխ Է, այս ատեն կերթվի՞։


Մելիտոս աղային համբերութիւնը կը հատնի, վեր կելնե, դուռը կը բանա, սենյակը կը մտնե ու՝ «ներեցեք, ձեր հրամանովն երթանք, որովհետև վաղը առտու կանուխ պիտի ելլեմ», կըսե։


— Մելիտոս աղա՛, կանուխ է դեռ, կը պատասխանե էֆենտիին կինը։