Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ժամանակավ, կըսե, համետագործ Բարաղամ աղա մը կար։ Համետագործ կըսեմ նե՝ խոսքը, խորաթան տեղը, շուքը ծանր, տեսքոտ, խելացի մարդ մէր։ Լուսերու մեջ պառկի։ Հիմակվան համետագործներուն պես չէր. տունը երթայիր նե, քառսուն տեսակ կերակուր կը հաներ, տեսակ տեսակ անուշեղեններ, աղած ձուկեր, ընտիր օղի, գինի, մանավանդ գինին, բնավ չեմ մոռնար, լուսերու մեջ պառկի, սպասավորներ, աղախիններ, այնպես որ կը կարծեիր, թե ամիրայի մը տունը կը մտնեիր։ Համետագործ, բայց հիմակվան դերձակներեն ավելի վարպետ և երջանիկ։ Ատանկ համետագործ չկա հիմա. դիմացը ըլլայիր նե՝ քաշվելով կելլայիր. բարի մարդ էր սակայն, ձեռքեն եկած բարիքը կըներ. բարեպաշտ մարդ ալ էր, լուսերու մեջ պառկի. ուսկից ալ միտքս ինկավ, քսան տարվան բան է պատմելիքս։


— Պատմածիդ նայելով բարի մարդ է եղեր Բարաղամ աղան։


— Բարին ալ խո՞սք է, կավելցնե Ղուկաս աղան, այս է պատմիչին անունը։


— Այսինքն շենքով շնորհքով մարդ է եղեր, կը հարե Մերկեր աղան։


— Շենքով շնորհքովին խո՞սքը կըլլա։


— Այսինքն ծանր մարդ։


— Ի՜նչ ծանր, ի՞նչ ծանր... ի՞նչպես հասկցնեմ քեզի ծանր, բայց հիմակվան թեթևներուն պես ծանր չէ։


— Այսինքն ազդեցիկ մարդ։


— Ողջ ըլլալու էր ու քեզի ցուցնելու էի, որ մարդ նայիր։ Մարդ էր, մարդ, կը հարե Ղուկաս աղան քթին ծակերուն քթախոտ թխմելով երկու մատներով։


Մերկեր աղան կը գուշակե, թե պատմիչին պատասխանելն պատմության ավելի երկարելուն պիտի նպաստե, ուստի միտքը կը դնե բառ մանգամ չարտասանել։


— Այս բա... ափշո՜ւ... րա... փսու փսու... ղա ղա... փսու, խու ղամ աղան... փսուսո՜ւ... այս Բարաղամ աղան, կը շարունակե Ղուկաս աղան, գունավոր թաշկինակով մը քիթը