Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Կը ներեք, Ղուկաս աղա, տղաքը, գիտեք ա՛, վարժված են կանուխ ուտելու, անոթի չեն կրնար սպասել։


— Ինչո՞ւ սպասեն, էֆենտիմ, ինչո՞ւ... հրամմեցեք, իջնանք, միայն թե մեկը գտնայինք ու մեր տունը ղրկեինք, որ չսպասեն ինձի։


— (Մեկուսի) Եկուր տե՛, մի՛ ճաթիր։


— Զքեզ չկոտրելու համար է, որ հրավերդ ընդունեցի. չէ նե՝ ես ուրիշին տունը կերակուր կերած մարդ չեմ։ Մեյմեկ հատ ալ խմենք... գինի ունի՞ս, հարկավ ունենալու ես... փաշա Լիմանի՞ է։


— Բան մը կընենք։ (Մեկուսի) համբերելու է, ուրիշ ճար չկա:


— Ինչո՞ւ այս գիշեր սանկ տխրության պես բան մը կա վրադ։


— Մեյմեկ հատ ալ խմենք։


— Ես չեմ խմեր:


— Ես կը խմեմ քեզի համար։


— Կերակուրը պատրաստ Է, կը կրկնեն վարեն։


Ղուկաս աղան օղին հետն առած վար կիջնա, սեղանը կը բազմի և, որպես տան տեր, սեղան կը հրամցնե Մերկեր աղան, անոր կինն ու զավակները։ Սեղանի վրա ինչ ինչ կարգադրություններ կընե. «Դուն քիչ մ՝ասդին եկուր», կըսե միուն, «Դուն ալ քիչ մ՝ասդին գնա», կ՝ըսե մյուսին, «Քիչ մառաջ եկուր», կ՝ըսե մեկալին, «Ջուրի սրվակը իմ առջևս գրեք, ճրագն անգին տարեք, որ արգելք չըլլա ձեզի, աղցանը քիչ մ՝անգին քշեցե՛ք, կերակուրը քիչ մ՝ալ ասդին բերեք, գինին իմ քովս տվեք, հրամմեցեք, նայինք», կ՝ըսե և միսի լայնածավալ կտոր մը կառնե առջևը։


Ջրկիր մը կը ղրկվի Ղուկաս աղային տունը՝ իմաց տալու համար, թե Մերկեր աղային տունը կընթրե Ղուկաս աղան։


Դյուրին է երևակայել, ինչոր կզգար Մերկեր աղան այս արարողությանց միջոցին, մերթ կը մտաբերեր հյուրին թևեն