Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


բռնել ու փողոցը նետել զայն, բայց քաղաքավարությունը կը հակառակեր այս օրինակ երթաս բարովի:


— Ինչո՜ւ գինի չենք խմեր կոր, կը հարցնե Ղուկաս աղան քանի մը կտոր միս կլլելեն ետքը և ջուրի բաժակ մը գինիով լեցնելով կը խմե և հետո յուր սեղանակիցներուն կը մատռվակե։


— Շնորհակալ ենք, կը պատասխանեն տան տերն ու կինն՝ առնելով հյուրեն մատռվակյալ բաժակները։


Ղուկաս աղան սեղանի վրա խոսելու սովորություն չունի. կուտե և կուտե, կը խմե ու կը խմե, մերթ ընդ մերթ երկար օ՜հ մը կարձակե սրտին խորեն և նորեն կսկսի ուտելու ու խմելու։ Միայն, երբեմն երբեմն Մերկեր աղային դառնալով կըսե.


— Բարաղամ աղան ալ ի՜նչպես միտքս ինկավ այս գիշեր։


Մերկեր աղան բարկությանը պատճառավ հազիվ երկու-երեք պատառ բերանը կը դնե, կինն առն բարկությունը տեսնելով՝ կը կորսունե ուտելու ախորժակը և կսկսի Երվանդը, պզտիկ տղան, հանդիմանել։ Խե՜ղճ տղաք, երբեմն կը պատժվին ուրիշներու հանցանաց համար։


— Կաղաչեմ, տղան մի՛ չախեր, տիկին, բան մըրած չունի տղան, գառնուկի պես նստեր է, կըսե Ղուկաս աղան։


— Ի՜նչպես գառնուկի պես նստեր Է, հանգիստ չկենար։


— Իրավունք ունիս, բայց վերջապէս տղա է, կը պատասխանե Ղուկաս աղան՝ գինիի շիշին հատակն ցույց տալով յուր բաժակին։


Մերկեր աղան կը կատղի։


— Ուրիշ գինի չունի՜ք, Մերկեր աղա։


— Ոչ։


— Աղեկ որ չունիք, բավական խմեցինք այս գիշեր. զարմանալի բնավորություն մունիմ, բարեկամիս տունն ըլլամ նե՝ առանց քաշվելու կուտեմ, չեմ քաշվիր։


— Երվանդ, թևդ քաշե, կըսե Մերկեր աղան։


Տղան կսկսի լալ։


— Երվանդ, լռե՛, հիմա ոտքերուս տակ կառնեմ ու...