Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցությամբ Մերկեր աղային կը մտնե սենյակն, ուր տանը տիկինն Երվանդն գրկաց մեջ քնացնելու կաշխատեր։


— Տիկին, կըսե Ղուկաս աղան բազմոցին վրա նստելով, այս գիշեր քիչ մանհանգիստ եղաք։ Վնաս չունի։ Մերկեր աղան ալ քիչ մը նեղսիրտ է։ Ի՞նչ ընենք, տուն չկա, որ խոսք չըլլա. սանկ քովե քով նստեցե՛ք, նայիմ։


Որպեսզի խնդիրը չմեծնա, այր և կին քովե քով կը նստին։


— Ո՜հ, տեսա՞ք մի հիմա... ի՞նչ մեղքս պահեմ, գինի մըլլար նե՝ կը խմեի։


— Կը ցավիմ, որ չունինք, կը պատասխանն Մերկեր աղան։


— Կատակ ըրի ես. արդեն չեմ կրնար ավելի խմել որ... սա արաղամ աղային պատմությունը չկրցինք լմնցնել, կեցիր սա սիկառս պլորեմ անգամ մը։


— Տեր Աստված, դուն համբերություն տուր ինձի, որ կարենամ դիմանալ սա մարդուն անհոգության, կըսե ինքնիրեն տան տերը։


— Խահվենիս ալ խմենք։


— Ի՛նչ անհոգ մարդ է, Աստված իմ, կըսե տիկինն յուրովի։


— Քթախոտ մալ քաշեմ նախ։


Քթախոտը կը քաշե և այնպիսի հնչմամբ մը կը փռնգտա, որ Երվանդ կը ցնցվի մորը գրկաց մեջ և կսկսի լալ։


— Ի՞նչ եղավ այս գիշեր այս տղուն, կը պոռա հայրն՝ ոտքը գետին զարնելով։


— Ինչո՞ւ կը պոռաս, Մերկեր աղա, կը պատասխանն կինն աղերսալի ձայնով մը, ի՞նչ հանցանք ունի տղան։


Փռնգտալուն կը հաջորդե հազալ։


— Աստուծմե գտնաս, մարդ, կ՛ըսե ինքնիրեն Երվանդին մայրը, պզտիկս ալ պիտի արթնցնե. կորսվիմ, երթամ սըկեց։


Եվ իրոք պզտիկն ալ՝ որ օրորոցի մեջ կը քնանար, կսկսի լալ։


— Ինչո՛ւ չես լռեցներ տըվոնք, տիկին։


— Մի՛ բարկանար, Մերկեր աղա, կըսե Ղուկաս աղան, ես օտարական չեմ, տղա են անոնք, թող լան, ես անհան¬