Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գիստ չեմ ըլլար, կաղաչեմ, ինձի համար հոգ մի՛ ըներ, չէ նե, կելլամ, կերթամ հաա... խըյանեթ, ես քեզի եղբոր տեղ դրած եմ, ինչո՞ւ անանկ կընես։ Թող տուր, որ սա Բարաղամ աղան պատմեմ քեղի


Այս միջոցին դուռը կը զարնվի։ Մերկեր աղային տղան կը բանա դուռն և վեր կուգա վազելով։


— Ո՞վ է, Գարիկ։


— Երկու մարդ եկեր են, Ղուկաս աղան կուզեն։


Մերկեր աղան և կինն կուրախանան այս լուրին վրա և Ղուկաս աղային երթաք բարով ըսելու նախապատրաստական ձևեր և շարժումներ ցույց կուտան, մինչդեռ Ղուկաս աղան դեպի պատուհան կերկննա և գլուխը դուրս հանելով կը հարցնե.


— Ո՞վ է ան։


— Բարիկուն, Ղուկաս աղա, կը պատասխանն վարեն հաստ ձայն մը։


— Դո՞ւք եք, Կիրակոս աղա։


— Բարիկուն, Ղուկաս աղա, կը պոռա վարեն ուրիշ մը։


— Օ՝օ, դո՞ւք ալ եկեր եք, Զաքար աղա... իրավ, այս գիշերվան համար խոսք տված էի ձեզ, բայց Մերկեր աղան թող չտվավ, որ գայի... վեր հրամմեցեք, վեր հրամմեցեք, սանկ քիչ մը նայինք, Մերկեր աղան օտարական չէ, սեպե, թե աս ալ իմ տունս է։


Մերկեր աղան երկար ա՜խ մը քաշեց, կինն, տղան՝ զոր արդեն գրկած էր, քովի սենյակը տարավ, Գարիկն ալ յուր պզտիկ եղբայրը գրկեց և մորը հետևեցավ։


— Երկուքն ալ պապա մարդեր են, ըսավ Ղուկաս աղան, երբ Մերկեր աղային հետ մինակ մնացին. Կիրակոս աղան զվարճախոս ալ է, թեև բերանը մաքուր չէ, Զաքար աղան ըսես նե՝ կամացուկ կամացուկ կը խնդա, բրեֆայի ընկերներս են։


Երկու նորեկները ներս մտան և բարևեցին Մերկեր ու Ղուկաս աղաները։


— Ի՞նչպես եք, նայինք, ի՞նչ կա, ի՞նչ չկա։