Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Եղբա՛յր, կաղաչեմ, վար իջիր և այնպես զրուցե՛ ցավդ...


Ատենաբանը կայնած տեղը այնպես կը դողար, որ Աբիսողոմ աղային սիրտը կը հատներ, թե կազը գետինը պիտի իյնար։


Ուստի չուզելով այլևս համբերել պոռաց ինքնակոչ ատենաբանին երեսն իվեր.


— Վա՛ր իջիր սըկե։


— Կաղաչեմ, մի սաստեր զիս։


— Վա՛ր իջիր, ապա թե ոչ...


— Մի՛ կոտրեր իմ սիրտս, որ ազգին համար կը բաբախե։


— Ինչ ըսելիք որ ունիս, եկուր քովս, մարդու պես նստե՝ և ըսե. հոն տեղվանքը ելնել ի՞նչ պիտի ըլլա։


— Չաղաչեմ, թո՛ղ տուր վերջացնեմ. ա՜հ, չես գիտեր, թե որչա՛փ կը հուզվիմ, երբ ճառ կը կարդամ։


— Վա՛ր իջիր։


Ատենաբանը բեմեն կ՝իջնա և կերթա աթոռի մը վրա կը նստի։


— Հիմա՛ զրուցե ինձի, միտքդ ի՜նչ է, կըսե Աբիսողոմ աղտ բարկությամբ։


— Կաղաչեմ, մի բարկանար։


— Ի՜նչ կ՝ուզես, զրուցե, շուտ, հիմա՛։


— Բարկությամբ մի՛ վարվիր հետս, ոտքդ պագնեմ, սիրտս լեցված է, հիմա կ՝սկսիմ լալ։


Եվ ատենաբանը կ՚սկսի լալ։


— Լալու ի՜նչ կա, եղբայրս։


— Ծառադ կը փափագի գրականությամբ ազգին ծառայել, բայց այս ազգը շատ ապերախտությամբ կը վարվի յուր գրագետներուն դեմ։


— Ատոր մեջ ես ի՞նչ հանցանք ունիմ։


— Դուք հանցանք չունիք և թերևս իրավունք ունիք... ոտանավորներ ունիմ գրած հայրենիքի վրա, սքանչելի կտորներ, պատվական տողեր, որոնց մեջ երևակայությունը, ավյունը, խանդն, հուրն ու բոցը սավառնաթև կը ալանան։


— Շատ աղեկ, ատոր համար լալո՞ւ է։