Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Տիկի՛ն։


— Շատ աղեկ, վերջը կը նստիս։


Հակոբոս աղան կը նստի։


էֆենտին եթե հավաներ պատշգամը նստիլ Հակոբոս աղային քով՝ խեդիրը պիտի փակվեր, և, հետևաբար, պիտի զրկվեր այն հաճույքեն, զոր տան տիկնոջ թախանձանքները կը պատճառեին իրեն։ էֆենտիին փափագն էր բարձրանալ շարունակ, ցորչափ պիտի մնար այն սենյակին մեջ, և այս միջոցն հարմար դատած էր հասնելու համար յուր նպատակին։


Մյուս կողմեն Հակոբոս աղան կը վիրավորվեր, որովհետև պարտականություն չէր զգար խոնարհիչ ուրիշ մը բարձրացնելու համար և անվան մը շնորհավորության առթիվ այս եղանակավ նվաստանալուն վրա կը ցավեր։ Այսուամենայնիվ յուր ցավն ծածկելու կը ջանար և կը համբերեր։


Մյուս հյուրերուն ևս հաճո չէր թվեր տան տիկնոջ և էֆենտիին ընթացքն, և կսպասեին, որ առևտուրներուն նվազությանը և օդույն գեղեցկությանը վրա բացված խոսքն վերջանա, ու ելնեն, երթան։


— Վերջապես սա պատշգամը քիչ մը չնստեցար, ըսավ նորեն տիկինը։ Սանկ քիչ մը նստե՛, տես Վարնայի շոգենավն է, որ կուգա։


էֆենտին շարժում մըրավ։


Հակոբոս աղան ոտք ելավ։


էֆենտին թիկնոցին ետևի գրպանեն թաշկինակը հանեց և քիթը սրբեց։


Այս էր շարժման պատճառը։


Հակոբոս աղան նորեն նստեցավ՝ այս անգամ ալ էֆենտիին քթին զոհվելով։

— Այս հարավային հողմերն ալ չվերջացան, որ հարբուխն խալսեինք, ըսավ տան տիկինը. ամենուս վրա թուլություն մը կա, սրտի նեղություն մը, չելար սա պատշգամբ նստելու, որ սիրտդ բացվեր քիչ մը, էֆենտի։