Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պիտի ունենա վեր նստիլ այն վաճառականեն, որուն անվան սկզբնատառն Բ կամ Գ կամ Դ և այլն է։


Այս միջոցը թեպետև քիչ մը ծիծաղաշարժ է, բայց սկզբունքի վրա հիմնված է։


Աբրահամ աղան անգյուտ անձ մէ խաղի մեջ. որչափ ալ կորսնցնե՝ չբարկանար, պաղ արյամբ կը շարունակե խաղն առանց կծու ակնարկություններ ընելու յուր խաղակցին։ Աբրահամ աղային հակապատկերն է Տիմոթեոս աղան, որ սաստիկ կը բարկանա, երբ բախտը իրեն չժպտի խաղի մեջ:


Աբրահամ աղան չէր ճանչնար Տիմոթեոս աղան, ոչ ալ Տիմոթեոս աղան կը ճանչնար Աբրահամ աղան, երբ օր մը զբոսարանի մեջ իրարու հանդիպեցան, և Տիմոթեոս աղան հրավիրեց Աբրահամ աղան պեզիք խաղալու։


— Աբրահամ աղա՛, եկո՛ւր, քեզի հետ բարթի մը պեզիք խաղանք։


— Այսօր ժամանակ չունիմ։


— Կաղաչեմ, բարթի մը խաղանք, ժամանակ կանցունենք։


— Շնորհակալ եմ, թող մնա այսօր։


— Խաղանք, խաղանք... սա թուղթերը բեր, ծո։


— Գործ ունիմ, չեմ կրնար խաղալ։


— Շուտ մը կը լմննա... շուտ բրե՛, ծո աղեկ թուղթերեն բեր։


Աբրահամ աղան չկրնար դիմադրել։


— Մեյմեկ խահվեի խաղանք, Աբրահամ աղա՛։


— Շատ աղեկ։


— Կտրե՛, նայինք... դուն պիտի տաս... տուր, նայինք... խաղի մեջ ես բախտ չունիմ ամա, փորձենք...


Կսկսին խաղալ։ Տիմոթեոս աղան անանկ շարժումներ և ձևեր կ՝ընե, որ բարկություն կը հայտնեն. երբեմն քթին տակեն կը մռմռա և ծուռ ծուռ կը նայի Աբրահամ աղային, որ կը վաստկի խաղը։