Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Պիտի բարկանաս նե, չեմ խաղար» կըսե, յուր պայաղիությունը կը հայտնե։


— Ներեցե՛ք, կարծեմ թե պայաղի չեմ։


— Ես քեզի պայաղի չըսի, պայաղիությունդ կը հայտնես ըսի։


Ներկայք կակնարկեն Աբրահամ աղային, որ ձայն չհանե:


— Մարդս քաղաքավարությունը ձեռքե ձգելու չէ, եթե դուն քիչ մը քաղաքավարություն կամ խիղճ ունենայիր այնչափ երկու հարյուր հիսուն չէիր բանար... արժեքը խահվե մէ, ամա մարդկությունը փարայի վրա չէ... ինչ որ է... աս ալ խրատ մըլլա ինձի... զաթը ձեզի պես մարդոց բարև տալը հանցանք է։


Տիմոթեոս աղան այս ատենախոսութենե ետքը՝ զոր զբոսարանի մեջ պարտելով կըներ՝ դուրս կելնե նախատալի նայվածք մը նետելով Աբրահամ աղային։


— Ի՞նչ տեսակ մարդ է այս, կըսե Աբրահամ աղան ներկայից։


— Ի՞նչպես եղավ, որ անոր հետ խաղացիր, պատասխանեց մեկը, մենք անոր բնավորությունը գիտենք և բնավ չենք խաղար հետը, շատ անկիրթ մարդ է։


— Չըլլա որ ուրիշ անգամ խաղաս, ըսավ ուրիշ մը։


Վերջապես ներկայք հետզհետե խոսք առին՝ հասկցնելու համար Աբրահամ աղային, որ այսչափով գոհ ըլլա։


Բայց քիչ մը թողունք ասոնք և Տիմոթեոս աղային տանը դռան առջև երթանք ու մտիկ ընենք։


— Ի՞նչ է աս վիճակը... տանին մեջ ո՛չ կարդ կա, ո՛չ կանոն, ամանները չեն լվացված, սենյակները չեն ավլված, աս լամպան ի՞նչ գործ ունի հոս, բապուճներն ի՞նչ գործ ունին հոն, վարագույրը պատռած է, չեք կարեր, չոճուխին վարտիքները ինչո՞ւ հոս կախած եք, ինչո՞ւ համար պարապ տեղը կրակ կը վառեք կոր...


— Ինչո՞ւ կը պոռաս կոր, ճանը՛մ, ի՞նչ եղար կենե, պեզի՞ք խաղացիր դարձյալ, ի՞նչ ըրիր։