Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աղային տունն այցելող Հյուրերուն միույն տունը գնացեր էր և անկից տեղեկանալով, թե Աթանաս աղային տունը գնացեր էին, պահապանի մը առաջնորդությւսմբ Աթանաս աղային դուռը զարկեր էր։ Գիծ մը քաշենք հոս։ Հօրեղբայր մունեի, որ կ՝ըսեր. «Մարդիկ կան, որ եթե քիչ մը բարձրեն նվագարանի ձայն մը լսեն՝ կը հարցնեն. «Որ կողմն է երկնից սանդուխը«շ»։ Եվ այսօր իսկ շատ կան այս կարգի մարդիկ, որոնց դասուն կը վերաբերեր նաև մեր երիտասարդը։ Փակենք գիծը։ Արդ, հարկ չկա ըսելու, թե Միհրան,— այսպես կ՝անվանվեր երիտասարդը — առաջին անգամն էր, որ կը մտներ Աթանաս աղային տունը, բայց սենյակը մտնելուն պես այնպիսի եղանակավ մը սկսավ վարվիլ, որ կարծես թե Աթանաս աղային և անոր տիկնոջը հետ քառասուն տարիե ի վեր կը տեսնվեր։ Այսպես, հազիվ քանի մը Վայրկյան մնաց թիկնաթոռի վրա և ահա ոտք ելավ և մոտենալով Աթանաս աղային տիկնոջն, որ աթոռի մը վրա նստած էր՝


— Կաղաչեմ, տիկին, ըսավ, թիկնաթոռի վրա նստեցե՛ք։


— Հոգ չէ, հոս աղեկ եմ։


— Տիկին, կ՝աղաչեմ։


— Շնորհակալ եմ։


— Ոտվընիդ պագնեմ, խոսքս մի կոտրեր, ձեր փափուկ մարմինը փայտի վրա հանգչելու սահմանված չէ։


— Պարոն, առավ անդիեն Աթանաս աղան, տիկինը հոն հանգիստ է, դուք նստեցեք ձեր թիկնաթոռը և անհանգիստ մի ըլլաք տիկնոջ համար։


— Այո՛, այո՛, հոս շատ աղեկ եմ, հարեց տիկինը:


— Ո՛չ, ո՛չ, ըրավ Միհրան, կարելի չէ, որ հոս թողում զձեզ. և Աթանաս աղային կինն թևեն բռնելով առավ, թիկնաթոռը տարավ և հոն նստեցուր:


Աթանաս աղան չհաճեցավ այս արարողության վրա, բայց քաղաքավարությունը խնդրեց, որ յուր տհաճությունն ինքը միայն զգա ու գիտնա։


Աթանաս աղան հնազանդեցավ քաղաքավարության և բեռանը չբացավ, սակայն կը ջանար հնարք մը գտնել իմանալու