Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Շատ սխալ, հարեց Աթանաս աղան, միմիայն փակելու համար միջնադեպ մը, որուն վրա բառի մարտասանությունն իսկ իրեն նեղություն կը պատճառեր։


— Դուն ալ կը նայիմ քի, խենդ ես, պարոն Միհրան, պոռաց անդիեն հորաքույրը։


Ամենքը խնդացին։


— Տղա՞ ես, ի՞նչ ես... Աթանաս աղան անանկ մա՞րդ է... տիկինն էնսյուլթ ընող կնի՞կ է... խումրիի պես կենճ է նե... բերան ունի, լեզու չունի... թոհաֆ տղա մես... հայտե ելեր, քատրիլ մը դարձուցեք։


— Անանկ է նե, ներումն կը խնդրեմ. ես շիտակը, հասկցա, որ Աթանաս աղան աչք ըրավ, ու տիկինն ալ քովես ելավ։


— Հայտե, ելե՛ք, քատրիլ մըրեք:


Միհրան կընտրե յուր պարուհին և կը հայտնե զայն.


— Մատամ Աթանաս իմ տամաս է։


Դարձյալ կրճտումն ատամանց Աթանաս աղայի։ Կսկսին քատրիլ: Աթանաս աղան մեկ անկյունը քաշված՝ Միհրանին ոտներուն ու ձեռներուն շարժմանցը կը հետևի աչքերով։ Քատրիլին բոլոր ձևերը կը կատարվին, կսպառին: Միհրան կստեղծե նորանոր ձևեր, որոց տրամադրության համեմատ քավալիեները տուժաներուն հետ անանկ շղթաներ կը կազմեն, որ աղեկ տպավորություն չեն ըներ Աթանաս աղային վրա։ Շղթաներն երթալով կերթան և կնճռալի երևույթ մը կառնեն։ Աթանաս աղան հաճույք չզգար այն շղթաներեն, բայց հաճույք չզգար չկրնար հայտնել վախնալով, որ էնսյուլթ մալ ըրած կըլլա, բայց հաճույք չզգալն ալ չուզեր շարունակել, ուստի պարողներուն ուղղելով խոսքը կըսե.


— Չհոգնեցա՞ք, չհոգնեցա՞ք, հիվանդ պիտի ըլլաք, եկեք նստեցեք, քիչ մալ խոսինք։ Քատրիլն ալ բան մըլլա պարի։


— Մենք չհոգնեցանք, չհոգնեցանք, կը պատասխանեն։


— Ան ձևերն հեռվանց շատ տձև կերևան կոր, քատրիլի չեն նմանիր կոր... թևերնիդ պիտի ցավցնեք... այսչափ խաղացիք, հերիք է... կենե դուք դիտեք, ամա...։