Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընել, երկու ամիս աշխատած եմ ես և երբ որ անոր նախատվիլը տեսնեմ՝ արժանապատվությունս կը վիրավորվի: Կաղաչեմ, ոտանավորիս համար գեշ մի զրուցեր. Կը խնդրեմ, թույլ տվեք ինձ կարդալ զայն անգամ մը...


— Ես ոտանավոր մտիկ ընելու չեկա հոս։


— Շատ լավ. ողբերգություն մը գրած եմ, անոր վրայեն անցնինք։


— Չեմ ուզեր. ես անոթի եմ հիմա, կերակուր պիտի ուտեմ։


— Շատ լավ, ուտելիքի վրա ատենաբանություն մը ընեմ:


— Ժամանակ չունիմ մտիկ ընելու։


— Կաղա չեմ, այդ խոսքը ուրիշ անգամ մի՛ ըսեք, ատկե ավելի ծանր խոսք չկա հեղինակի մը համար, որ յուր մեկ աշխատասիրությունն ուրիշի մը կարդալու փափագ կը հայտնե։ Կը խնդրեմ, բարձրապատիվ տեր, քաղցրությրմբ վարվեցե՛ք հեղինակներու հետ։


— Գլխուս վրա՞ նստեցունեմ քեզի։


— Ոտքդ պագնեմ, մի ծաղրեք զիս, ինչու ձեր գլխուն վրա նստեցունեք։


— Ի՞նչ ընեմ հապա, քսակս քեզի՞ տամ՝ հեղինակներու հետ քաղցրությամբ վարված ըլլալու համար։


— Ո՛չ, միայն ճառիս տպագրության ծախքը։


— Քանի՞ ոսկիով կը լմննա գործդ։


— Չորս ոսկիով կը լմննա, բան մը չէ, իմ Մեկենասս պիտի ըլլաս, ես ալ քու անունդ ոտանավորով մը գրքույկին ճակատը պիտի դնեմ։


— Ճակա՞տը դնես պիտի։


— Այո՛։


— Ինչո՞ւ համար։


— Որպեսզի ամեն մի մարդ գիտնա, թե ձեր ստակովը տպված է այն գիրքը։


— Շատ լավ, պատասխաներ Աբիսողոմ աղան և քսակեն չորս ոսկի հանեց տվավ։ Հեղինակն հազար հարգանք մատուցանելով դուրս ելավ։