Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րովները, մեզի ալ հրամմեցեքները իրարու կը հաջորդեն։ Ասդին ալ Միհրան Աթանաս աղային տիկնոջը ձեռքն ափին մեջ առած կը թոթվե ու կը թոթվե զայն՝ հազար ու մեկ հարգանքներ արտահայտելով տիկնոջ։


— Շատ երջանիկ եղա զձեզ ճանչնալու պատիվը վայելելուս համար, ո՜ւր էր, թե շատոնց ճանչցած ըլլայի զձեզ, տիկին, որ գեղեցիկ սեռին մեջ կը փայլիք, որպես ակն պատվական, կը հուսամ, թե այսուհետև հաճախ զձեզ տեսնելու բարեբախտությունը չպիտի զլանաք ինձ... դուք ալ հրամմեցեք հորաքրոջս տունը... ժամանակ կանցնենք... միջադեպին համար ձեր ներողությունը կը խնդրեմ... վերստին տեսնվինք. եթե լավանտան հավնեցաք, լավանտային շիշը հոս թողում... բայց չէ, ուրիշ մը կառնեմ ձեզի համար... մնաք բարով... մեծապես գոհ եմ այս գիշերվան զբոսանքե... ներեցեք, եթե պակասության մը մեջ գտնվեցա... մնաք բարով... կսպասենք ձեզի... հրամմեցեք... կեցեք բարյավ...


Հյուրերր կը մեկնին, ինչպես նաև Միհրան։


— Աս ի՞նչ պուլաշըխ զևզեկ է եղեր, կըսե Աթանաս աղան տիկնոջը՝ հյուրերուն մեկնելեն ետքը։


— Դուն ալ կը նայիմ, որ թոհաֆ մարդ մես. պուլաշըխ է նե, մեզի ի՞նչ. պոշ բաներու համար սիրտ կը հատցունես։


— Ըրածները վայլո՞ւն բաներ էին։


— է, ի՞նչ ըրավ չոճուխը, գլուխնուս ելավ նստեցա՞վ. քիչ մը զևզեկ է եղեր, ի՞նչ ընենք։


— Կը նեղվիս կոր տեյի, բարկացա ես։


— է, քիչ մը նեղվեցա առջի բերան, բայց վերջը վարժվեցա։


— Ոչ խիպ ունի, ոչ ամոթ։


— Խիպի, ամոթի բան չկա հոս. չեմ հասկնար, ինչու այսչափ կը բարկանաս։


— Անոր համար բարկացա, որ քեզի սըխընթը կուտար կոր... չէ նե, ինչուս պետք իմին... բայց կը վայլե՞, որ երիտասարդ մը ուրիշի կնոջը հետ այսչափ թեքլիֆսիղ տեսնվի... տեսնողները ծուռ մտքի կը տանին, ես ալ եթե ուրիշի մը կնոջ