Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շարունակվեին, երբ հանկարծ պզտիկ միջադեպ մը իրաց վիճակը ծանրացուց։


Միհրանին հորաքույրն, որ Միհրանին քով նստած էր բազմոցի մը վրա, հրավիրեց Աթանաս աղային տիկինն, որ յուր քովը նստի։ Տիկինն ընդունեց հրավերը, բայց տեղը քիչ մը նեղ էր։ Ամուսիններ կան, որ չեն ուզեր իրենց կանանց նեղ տեղեր նստիլը։ Ուստի՝


— Անհանգիստ եղաք հոն, պարոն Միհրան, պոռաց Աթանաս աղան տեղեն ելնելով, եկեք իմ տեղս նստեցեք։


— Կաղաչեմ, Աթանաս աղա, ոտքդ պագնեմ, արևդ սիրեմ, անհանգիստ չեմ, շատ աղեկ եմ հոս, նստեցեք տեղերնիդ։


— Իրավ, նեղեցի զձեզ, պարոն Միհրան, հարեց Աթանաս աղային տիկինը։


— Ամենևին, Աստված վկա, որ չնեղեցիք ինձի, հորս հոգվույն վրա կերդնում, որ շատ հանգիստ եմ, կենճությանս խերը չտեսնամ, թե որ հանգիստ չեմ, ինչո՞ւ պարապ խոսքեր կընեք. Աստվածդ սիրես, նստե տեղդ, Աթանաս աղա, շէ նե, մեյ մալ երեսդ չեմ նայիր։


— Ինչո՞ւ սիրտ կը հատցնեք, Աթանաս աղա, նեղվի նե՝ թող ելլա, տղա չէ յա՛։


— Իրավ որ նեղեցի, ես կելլամ, ըսավ Աթանաս աղային կինն ու ելավ էրկանը քով նստավ։


— Տեսա՞ք մի, դարձյալ էնսյուլթ, էնսյուլթ է այս ինձի, պոռաց Միհրանը։


— Աթանաս աղա, իրավ որ այս քիչ մը էնսյուլթ է, կրկնեցին քանի մը տիկիններ։


— էնսյուլթի ի՞նչ կա, հարցուց Աթանաս աղան։


— Ի՞նչ էնսյուլթ, կըկնեց Աթանաս աղային տիկինը։


— Մենք գիտենք յա՛, բայց մեր տունը պատվավոր է...


— Քանաբեի վրա երեք հոգի նստեր էին, տեղ չկար, տիկինը մազ մնաց, որ Միհրանի ծունկին վրա պիտի նստեր և նեղեր պիտի տղան։


— Թող նեղեր, քեզի չպիտի նեղեր ա՛, անոր ծունկին վրա