Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Բարև, Նահապետ էֆենտի։


— Աստուծու բարին։


— Բարև, Նահապետ պեյ։


— Աստուծու բարին։


Նահապետ աղան կը հրամցնե հյուրերը աթոռներու վրա բազմիլ և խահվե ապսպրելու համար դուրս ելնելու միջոցին կաղաչվի հյուրերեն տեղը նստիլ։


— Մեզի համար է նե խահվե՝ չենք ուզեր։


— Արդնն խահվե չեմ խմեր ես։


— Ես ալ շատ խմեցի։


— Ես ալ կերակուրի պիտի երթամ հիմա։


— Գիտե՞ք, Նահապետ աղա, մեր հոս գալուն պատճառը;


— Ի՞նչպես գիտնա։


— Էֆենտի, ըսե՛ք իրեն։


— Մարդասիրական գործ մէ, որ հոս հրեց զմեզ։


— Երթասիրական նպատակ մը։


— Ազգասիրական զգացում մը։


— Զուտ մարդասիրական։


— Կրթասիրական միանգամայն։


— Եվ միանգամայն ազգասիրական։


— Եվ կը հուսամ, թե Նահապետ Էֆենտին չպիտի մերժե մեր առաջարկը։


— Նահապետ պեյն ան տեղվանքը չէ։


— Ո՞ւր էր թե ամենքն ալ մյուսյու Նահապետին պես ըլլային։


— Նահապետ աղան աղա է, բայց պեյի զգացումներ ունի։


— Ինչո՞ւ պեյ չըլլա։


— Նահապետ աղային պես ազգը սիրող մարդ խիստ քիչ կը գտնվի ազգին մեջ։


Նահապետ աղան, համեստ մարդ, կը շվարի և միայն ձևերով և շարժումներով կը հայտնե, թե կը չափազանցեն։


— Քանի՞ տոմսակ տանք նահապետ աղային։


— Ի՞նչ գիտնամ, առ նվազն տասը հատ տալու է։


— Տաս հատը քիչ է։