Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վարպետությամբ հինգ ոսկիս առին, ասիկա շատ ամոթ բան է... ես ալ հանցանք ունիմ յա՛... «Չեմ կրնար տալ» ըսելու էի և մերժելու էի... ըսի ալ... մերժեցի ալ... չորսը մեկեն վրաս ինկան և ամչցուցին ինձի... պարահանդեսին ալ խերն եմ անիծեր... անոնց ալ. աս չվայլեց... չէ է է... աս չեղավ... ինձի պես մարդ մը հինգ ոսկի տա՜. հինգ ոսկի տանս մեկ ամսվան ծախքն... ասոնց ըրածը պարզապես թշնամություն է... բայց աճապարենք հիմա հինգ ոսկի գտնել ու փոխանակագիրը վճարել... անպատճառ վճարելու եմ այսօր... վաղվան չեմ կրնար ձգել... վարժված չեմ ատանկ բաներու... արդեն անանկ առաջարկություն մընելու կարող ալ չեմ և պետք չէ, որ կարող ըլլամ, մեծ ամոթ է... փոխանակագիր մօրին վճարելու է...։


Նահապետ աղան սենյակը կղպեց, դուրս ելավ և կես ժամեն դարձավ։


Հինգ ոսկվո փոխառությունը հաջողցուցած էր։


Անցավ գրասեղանին առջև միշտ մտազբաղ, երբեմն երբեմն միայն ձեռքը գրասեղանին կը զարներ ըսելով.


— էշություն ըրի, ավանակություն ըրի, տալու չէի... չորսը մեկեն խաբեցին զիս... երթամ ետ ուզե՞մ սա հինգ ոսկիս... կ՝ուտա՞ն... կը վայլե, որ ուզեմ... ետ չեն տար... որ ասոր աղեկը՝ մեյ մ՝ալ ասանկ բաներու ստակ մը չեմ տար, կը լմննա, կ՝երթա... տան ծախքն ալ պզտիկցնելու է քանի մամի՜սներ, որ հինգ ոսկվո կորուստը անզգալի ըլլա... այո՛, սեպե՛ թե գողցուցի... ա՛լ չխորհինք ասոր վրա... չխորհիլ ալ կ՝ըլլա՞ մի յա... հինգ ոսկի՜ է աս...։


Դուռը բացվեցավ և ներս մտավ մարդը փոխանակագիր ի ձեռին։


— Ստորագրեցե՛ք... ահա երեսուն և չորս ոսկի։


Մարդը ստորագրեց փոխանակագիրն և առավ երեսուն և չորս ոսկին:


— Հի՜նգ ոսկին պարահանդեսի համար... հառաչեց Նահապետ աղան... ասիկա թող դաս մըլլա ինձի, որ ապագային չխաբվիմ... հի՜նգ ոսկի... հի՜նգ ոսկի... հինգ հատ դեղին