Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Հարցումն ընողն երեսնամյա տիկին մը կը թվեր դեմքեն, զոր պատուհանեն ցույց կուտար։


— Ես եմք կը պատասխանե Զաքար աղան ճվալով։


— Դուն ո՞վ ես։


— Ես եմ... Զաքար աղա, կըսե, ցավեն գլուխն երերցնելով։


— Զաքար աղան ո՞վ է։


— Խոսելու ժամանակ չունիմ, տիկին, ականջի ցավ ունիմ սարսափելի:


— Ականջի ցա՞վ ունիք... առտվանց ասանկ կանուխ... ո՞վ կըսվիք դուր։


— էո՜ֆ... Զաքար աղա... տիկին, Զաքար աղա... յավրուս... Զաքար, Զաքար... Զաքար կըսեն ինձի... Նոյեմիին փեսան... Զաքար... Զաքա՜աաաաաաար։


— Նոյեմին ո՞վ է... ինչ է նե... սպասե՛ քիչ մը, հիմա կը բացվի։


— էֆենտիին ըսեք, որ շուտ մը վար իջնա, կաղաչեմ։


— Հիմա պիտի գա, քիչ մը գործ ունի ձեռքը... սպասեցե՛ք։


Տիկինը կը քաշվի՝ պատուհանը գոցելով, բայց Զաքար աղային ցավը չքաշվիր:


— Շուտ ըրե՛ք, բացեք դուռը, կը պոռա։


Քառորդե մը դուռը կը բացվի։ Դեղարանի սպասավորն կսկսի ավլել։ Դեղագործը դեռ չերևար։ Զաքար աղան ցավեն հազար պատկերի կը փոխե դեմքը՝ մերթ ընքվիները վեր առնելով, մերթ մեկ աչքը գոցելով, մերթ քիթը սղելով, մերթ ակռաները սխմելով, մերթ բերանը բանալով։ Կը պտըտի դեղարանին մեջ, նայվածքն ուղղելով միշտ դեղարանի միջին դռան՝ ուսկից պիտի գար դեղագործն, որուն պիտի աղաչեր դեղ մը կաթեցնել ականջին։


Արևը կը ծագի։ Քանի մը հիվանդներ ևս կուգան սպասելու բժշկի։ Միջին դռնեն կը մտնե դեղագործը։


— էֆենտի, շուտ մը դեղ մը տայիք ականջիս։


— Սպասեցեք, բժիշկը հիմա կուգա։