Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մե՞ր Ղազարոս աղան, կը պոռա երրորդը զարմացմամբ։


— Ավրված էր յա՛, կը պատասխանե չորրորդը, անառակ փեսայի մինկավ մարդը... Դերենիկին... տունն ինչ կար չկար ծախեց։


— Դերենի՜կը... սա՜ Դերենիկը... վայ անպիտան... Բարսեղին տղան... հայրը բարի մարդ էր...:


— Անանկ է նե, մորը ելեր է, կ՛ըսե մին։


— Մայրն ալ բարի կնիկ մէր, էֆենտի՛մ, կը մռմռա ուրիշ մը։


— Խեղճ Ղազարոս աղա... կըսե մյուսը, ի՜նչ աղեկ կոշիկ կը կարե, աժան և դիմացկուն...։


— Կրշիկը չկրնար ոտքի հարմարցնել, կը պատասխանե ուրիշ մը, քանի մը խալիպներ ունի, միշտ անոնց վրա կը ձևե և կուղե, որ բոլոր մյուշտերիներուն ոտքերն իր խալիպներուն մեծությունն ու ձևն ունենան։


Հիվանդաց այս խոսակցության միջոցին Զաքար աղան երկու ցավ միանգամայն կ’զգար. առաջինն՝ ականջի ցավ, երկրորդն՝ ընդմիջման ցավ։ Թող չեն տար մարդուն, որ խոսի, ինչպես որ քիչ մառաջ թող չտվին, որ չխոսեր։ Բայց քաղաքավարությունը հրամայեց, որ համբերեր, և համբերեց, մինչև որ առաջին հարցման հեղինակն խոսք առնելով ըսավ.


— Բայց թողունք խալիպները և մտիկ ընենք Զաքար աղան։ էյ, Զաքար աղա, ի՞նչ ըսավ Ղազարոս աղան։


— Ղազարոս աղան ըսավ որ, շարունակեց Զաքար աղան, շոգենավին գլուխը նստինք, քիչ մը հով առնենք...


— Խոսքդ մեղրով կը կտրեմ, քրտնած, քրտնած շոգենավին գլուխը կը նստվի՜ մի, աղբար, ըսավ հիվանդներեն մին, որուն համակարծիք գտնվեցան նաև մյուսները։


— Չնստվիր ա՛։


— Մեծ անխոհեմություն է։


— Առողջապահական օրինաց տգետ ըլլալ ըսել է։


— Դուք հրավիրած եք ձեր ցավը։