Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Բարտըսյուիս ութը մեճիտիյե տվի, բայց շատ աղեկ ապրանք է։ Թող որ ապրանքը ճանչցող բարեկամի մը հետ գնեցի:


— Թող տվեք, սա մարդը լմնցնե խոսքը... խոսեցե՛ք, Զաքար աղա։


Զաքար աղան որոշած էր արդեն չշարունակել խոսքը, զոր կընդմիջեին, ուստի պատասխանեց.


— Լմնցավ իմ խոսքս... այսչափ էր...


— Չէ՛, չէ՛... այսչափ չէր...


— Քրտնած եմ, կը մսիմ, ըսիք ու «Վարի սենյակն իջանք, նստեցանք», ըսիք... ի՞նչ ըրիք, նայինք, վարի սենյակը։


— Ի՞նչ պատահեցավ վարի սենյակը։


— Ո՝վ կար վարի սենյակը։


— Լմնցուցի, աղբարներս, լմնցուցի։


— Ի՞նչ եղավ վարի սենյակին մեջ, որ ականջիդ ցավ մտավ։


— Պատուհա՞նը բաց էր...


— Դռնե՞ն հով կուգար կոր...


— Մեկն ականջի՞դ զարկավ։


— Ինչո՞ւ չեք խոսիր, Զաքար աղա։


— Ցավը պահողը դարման չգտներ, կ՝ըսեն, մի՛ պահեր, ըսե, թերևս մենք ալ կրնանք քեզի դեղ մը հանձնարարել։


— Բանի՞ մը բարկացաք, որ չեք ուզեր շարունակել։


— Ամենևին։


— Սիրով մտիկ կընեինք կոր... ինչո՞ւ կտրեցիր մեկեն ի մեկ. շարունակե, շարունակե, ցավդ ալ կը մոռնաս։


Զաքար աղան վերստին առավ խոսքին թելը։


— Վարի սենյակն իջանք, նստեցանք... մեր քովի պզտիկ պատուհանը բաց էր, նույնպես բաց դիմացի պատուհանի...


Դարձյալ ընդմիջում։


— Քուրան տեր... քուրան տեր...


— Աղբար, մեկ հատը գոցեիր...


— Քուրան տերի մեջ կը նստվի՞ մի յա՛...


— Տղայություն է։