Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Անպատճառ կուգա։


— Չկրնա՞ր ըլլալ, որ նամակ գրես և աղաչես իրեն, որ շուտ մը գա, և դուն ալ երկու ամիս չսպասես։


— Անիկա ինքնիրեն կուգա, նամակի պետք չունի, մեծապատիվ տեր։


— Ո՞ւր կը նստի... շատ հեռո՞ւ է։


— Այո՛, շատ հեռու է, բայց կուգա։


— Ցամաքե՞ն, թե ծովեն։


— Չէ՛, մեծապատիվ տեր, չէ՛։


— Ո՞վ է ուրեմն սա գետնին տակն անցնելու մարդը... ուսկի՞ց պիտի գա... ըսե, որ ճանբա մը մտմտանք ու բերել տանք... Եթե մեկ երկու ոսկի տանք, այս շաբաթ կուգա՞։


— Այո՛, երկու ոսկի տալուդ պես գործը կը դյուրանա, և մուսաս այս շաբաթ վազելով կուգա, պատասխաներ անմուսա բանաստեղծը ոսկի բառը լսելուն պես։


— Գրե՛ ուրեմն իրեն, իմ կողմես ալ հատուկ բարևներ ըրե՛ և ըսե՛, որ Աբիսողոմ աղան քեզ տեսնել կուզե։


— Գլխուս վրա։ Մնաք բարյավ, տեր, շնորհակալ եմ ձեզմե, ծառա եմ ձեր մեծապատվությանը և կաղաչեմ որ ընդունիք...


— Ոչ, ըսավ Աբիսողոմ աղան բարկությամբ, ա՛լ երկար ըրիր, ահա ինչ որ ըսիր, ընդունեցի և դեռ ի՞նչ կուզես, որ ըընդունիմ...


— Խորին հարգանացս հավաստիքը, տեր... որով մնամ ձեր մեծապատվության ամենախոնարհ ծառա։


— Շատ աղեկ։


Մեկնեցավ բանաստեղծն՝ երկու ոսկիով բերել տալ խոստանալով մուսան, զոր ոմանք ավելի աժան գնով բերել կուտան։ Մուսայի մօրականն հյուսնի մօրականեն ավելի չէ այժմ։


Աբիսողոմ աղա, ինչպես դիտեցին ընթերցողներն, կը մոռնար յուր անոթությունն ամեն անգամ, որ մեկն անոր խոսք կուտար անունը լրագրի մեջ անցունելու և կամ եկեղեցվո մեջ ծանուցում ընելու, ինչպես նաև յուր քսակին բերանը կը բա-