Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատմեցիր ատիկա»։ Երբեմն ալ կարծելով, թե ուրիշ նոր բան մը պիտի զրուցեն՝ թույլ կուտաս, որ սկսին պատմել: Սկսա՞ն անգամ մը պատմության, կաշիե դեմք մը պետք իրենց ըսելու համար, թե «Գիտեմ, պատմեցիք»։


Մարգրիտ հանըմն յուր աղջիկը՝ Թագուկ, նշանած է Մանուկ աղայի տղուն՝ Բարթամին հետ։ Թագուկ պարկեշտ աղջիկ մէ, քիչ մը կարդալ, կտոր մալ գրել գիտե։ Իբրև օմիտ՝ բացի հանդերձեղենե, սյուն մը տուն ունի։ Բարթամ երկաթ գործ է, աշխատասեր երիտասարդ մէ. գինովություն չունի, խաղամոլություն չունի, ստակ չունի, տուն ալ չունի։ Իրեն ապառնի կնոջ նստած տանը մեկ սյան վրա պիտի բնակի կնոջը հետ։ Անանիա աղա, ազգական Մարգրիտ հանըմին, միջնորդության դեր կատարած է այս նշանախոսության մեջ:


Մարգրիտ հանըմն օր մը շուկա իջնալով գրասենյակս կուգա զվարթադեմ։ Հազիվ կը նստի աթոռին վրա, ձեռքերը ծունկերուն վրա կռթնցնելով կը ծռի և կըսե.


— Չիյտե՞ս, Թագուկն ալ նշանեցինք Մանուկ աղայի տղուն, Բարթամ էֆենտիին հետ։ Խըսմեթը աս է եղեր։ Աղջիկս, իմին աղջիկս է տեյի չեմ ըսեր, պարկեշտ աղջիկ մէ, քիչ մը կարդալ գիտե, կտոր մալ կը գրե։ Տունին մեկ սյունն ալ իրենն է, ան ալ տանք պիտի, մեր կարողությանը համեմատ հանդերձ ալ պիտի տանք։ Ի՞նչ ընենք: Բարթամ էֆենտին ալ աշխատասեր տղա մէ, կնիկ մը կրնա պահել։ Գինով չէ, խաղամոլ չէ, և ասիկա մեծ հարստություն է էրիկ մարդու մը համար: Ստակ չունի, տուն ալ չունի. թո՛ղ չունենա, աշխատությունն միշտ ստակ է, միշտ տուն է: Աստված Անանիա աղային գործերուն հաջողություն տա. ան ըրավ սա գործը, հող բռնե, ոսկի դառնա։ Ի՞նչ կըսեք դուք։


— Գոհ եմ։


— Մնաք բարով։


— Խահվե մը։


— Ժամանակ չունիմ։ Ուրիշ օր մը կը խմեմ։ Մնաք բարով:


— Երթաք բարով։