Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տակ ալ զրուցող մարդ մես, սիրտդ ինչ է նե բերանդ ալ ան է. քուկին այս բնավորությանդ շատ հավնած եմ։ Էֆենտիմ, մեր Թագուկը նշանեցինք Մանուկ աղայի տղուն, Բարթամ էֆենտիին հետ։ Խըսմեթը աս է եղեր։ Աղջիկս իմինս է տեյի չեմ ըսեր, պարկեշտ աղջիկ մէ, քիչ մը կարդալ գիտե, կտոր մալ կը գրե։ Տունին մեկ սյունն ալ իրենն է, ան ալ տանք պիտի, մեր կարողությանը համեմատ հանդերձ ալ պիտի տանք: Ի՞նչ ընենք, Բարթամ էֆենտին ալ աշխատասեր տղա մէ, կնիկ մը կրնա պահել։ Գինով չէ, խաղամոլ չէ, և ասիկա մեծ հարստություն է էրիկ մարդու մը համար։ Ստակ չունի, տուն ալ չունի, թո՛ղ չունենա, աշխատությունը միշտ ստակ է, միշտ տուն է։ Անանիա աղային գործերուն Աստված հաջողություն տա, ան ըրավ սա գործը, հող բռնե, ոսկի դառնա... ձեր կարծիքն ի՞նչ է։


— Շատ աղեկ ըրեր եք, շատ աղեկ։


— Ի՞նչ ընենք, ամեն մարդ իր կարողությանը համեմատ:


— Գոհ եմ, շատ աղեկ ըրեր եք։


— Բարթամ էֆենտին շատ երջանիկ պիտի ըլլա։


— Այո՛, այո՛։


Քիչ մալ խոսեցանք։ Շոգենավը սուլեց։ Ելա շոգենավեն:


Զիս յուր քովն առնելու համար այնչափ աղաչանք ընող և ինձի տեղ բանալու համար թե զինքն և թե քովիններն անհանգիստ ընող կնոջ խոսքն կրնայի՞ ընդմիջել, ըսելով, թե «Անցյալները հաղորդեցիք ինձ այս ուրախալի լուրը»։ Մանավանդ թե կրնայի՞ ընդմիջել, երբ զիս շողոքորթող հառաջաբանով մը սկսավի ըսելով, թե «Խելացի մարդ մես, շիտակ զրուցող մարդ մ՝ես, սիրտդ ինչ է նե, բերանդ ալ ան է, քուկին այս բնավորությանդ շատ հավնած եմ»։ Ինձի այսչափ գովեստ կարդացող տիկնոջ մը խոսքը ի՞նչպես կրնայի ընդհատել։


Հետևյալ օրը Ղազարոս աղան դեմս կելնե։


— Եկուր, կ՝ըսե, հոս քեզի խահվե մը հրամցնեմ։


— Ժամանակ չունիմ։


— Ոտքդ պագնեմ, խահվե մը։


— Գործ ունիմ, սիրելիս։