Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կություն է հապա, կրկնեց Բարսեղ աղային առաջին խոսակիցն՝ որու անունն Գաբրիել էր կարծեմ։


— Պզտիկ, սըկե շիշ մօղի բեր մեզի, պոռաց նորեկը։


Հետո Բարսեղ աղային ծիծաղելով՝


— Իրիկուն է, ըսավ, քանի մը հատ կը խմվի։


— Կը խմվի, կը խմվի, կրկնեց Գաբրիել աղան։


— Ես օղի խմելու սովորություն չունիմ, պատասխանեց Բարսեղ աղան։


— Մեկ երկու հատը չվնասեր։


— Երկու հատը բան մը չըներ։


Գինետան սպասավորն բերավ օղին և անոր վերաբերյալ աղանդերը։


— Ասանկ հե՞, Բարսեղ աղա, կեցիր, ձեռքովս հատ մը հրամընեմ ձեզի...


— Հրամընելու է յա՛, հրամ ընելու է յա՛, Բարսեղ աղան մերն է։


— Ես չեմ կրնար խմել, ներեըեք։


— Շատ չպիտի խմենք...


— Գիտեմ, բայց խմած չունիմ...


— Մի մերժեք, կաղաչեմ։


— Չեմ կարող խմել։


— Հատ մը... չես թունավորվիր։


— Մեկ հատը չթունավորեր։


— Չթունավորեր, բայց վարժված չեմ, խելքս կը դառնա։


— Միհրանիկ, մի՛ ստիպեր, խելքս կը դառնա, կըսե կոր։


— Այս օղին թեթև է։


— Բարսեղ աղա, հատ մը խմե, այս օղին թեթև է, կսե կոր։


— Ոտվըներդ պագնեմ, մի ստիպեք։


— Անանկ է նե՝ մի ստիպեր, Միհրանիկ, ոտվըներդ պագնեմ, կըսե կոր։


— Մեկ հատով ի՞նչ կըլլա, եղբայր։


— Ան ալ շիտակ է, Բարսեղ աղա, դուն ալ հատ մը խմե՛, մեկ հատով մարդ չմեռնիր։