Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Բան չմնաց շիշին մեջ. սա գավաթներն ալ խմենք, երթանք, պատասխանեց Միհրան։


— Բարսեղ աղա, խնդիր մի՛ հարուցաներ, Աստվածդ սիրես, ամեն գիշեր կը խմենք կոր սըվիկա, և, փառք տիրոջը, երկաթի պես եմ, քեզմե ալ քաջառողջ եմ... բանն ան է, որ մարդս տկար չստեղծվի... չէ նե՝ օղիեն մեռած մարդ չկա։


— Վարժված չեմ կ՝ըսեմ կոր, եղբայր։


— Վարժվե՝ քիչ մը, ի՞նչ կ՝ըլլա։


— Չէ, չէ, չէ, չեմ կրնար խմել։


— Մեկ հատ մալ, լմնցավ, գնաց։


— Այս գավաթն ալ կը խմեմ, ուրիշ չեմ խմեր։


— Մի՛ խմեր։


Երեք բարեկամներն իրարու կենաց խմեցին։


— Մեծապես շնորհակալ եմ, Բարսեղ աղա, որ խոսքս չկոտրեցիր, ըսավ Միհրան, պատառաքաղով կտոր մը ձուկ երկնցնելով Բարսեղ աղային, որ օղին վար իջեցնելու կաշխատեր։


— Բարսեղ աղան սիրտ կոտրող մարդ չէ, ավելցուց Գաբրիել աղան։


Եվ շիշը ջուրի բաժակին զարնելով՝


— Պզտիկ, լեցո՛ւր սա շիշը, պոռաց։


— Ատ ի՞նչ է... մնաք բարով... ես կերթամ։


— Կերթա՞ք, ըսավ Գաբրիել աղան լուրջ դեմքով մը, շիտակը, աս չվայլեցուցի ձեզի, Բարսեղ աղա։


— Ինչո՞ւ։


— Ըսել է թե ես պարզապես շողոքորթ մ՝եմ հոս, որ ուրիշի ստակով օղի խմելու եկած եմ, ես բնավորություն մունիմ, որ ինձի մեկ խմցնողին չորս կը խմցնեմ։


— Ես չխմցուցի։


— Դուք հյուր եք և որովհետև մեր թաղը գտնված եք, մեր պարտքն է զձեզ հարգել մեր կարողության չափ։ Կը խնդրեմ տեղերնիդ նստեցեք։


— Գաբրիել աղան իրավունք ունի, ի՞նչ ըսեմ։


— Մեր գիտցածն սա է, որ մարդ մը յուր բարեկամաց