Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թաղին մեջ գտնվի նե, ինքզինքը յուր բարեկամաց տրամադրության տակ կը գնե։


— Գիտեմ... բայց...


— Հրամմեցեք, ըսավ Գաբրիել աղան, օղիի գավաթն Բարսեղ աղային երկնցնելով։


— Շնորհակալ եմ, պատասխանեց Բարսեղ աղան՝ ակամա ընդունելով գավաթն։


Հետո գավաթներն պարպեցին իրարու կենաց։


Բարսեղ աղան՝ որուն աչքերը կարմրիլ սկսած էին, հազիվ հաջողեցավ ըմպել երրորդ գավաթը՝ հազար անգամ անիծելով այն այցելությունը, որու պատճառով հանդիպած էր այս փորձանքին։


— Չես կարող խմել հա՞, ի՜նչ սատանա ես դուն, մեզմե աղեկ կը խմես կոր և ինչո՞ւ չխմես, կնի՞կ ես, աղբա՛ր, թող որ կնիկները հիմա մեզմե շատ կը խմեն կոր։


— Ալ ըսելիք չունիմ, որովհետև չեք հավտար կոր։ Ժամը քանի եղավ արդյոք։


— Հոգ մի ըներ, քանի ըլլա նե, ըլլա, ձի կա, կառք կա, թրամվեյ կա։


Գիտենք արդնն, թե մեր մեջ երբ երեք չորս օղի խմվի, խնդրոց կարգին երկրորդ խնդիրը կըլլա թաղականներու ընթացքը. ուստի երեք բարեկամները ձեռք առին սույն խնդիրն՝ որուն վրա ևս քառորդի մը չափ վիճաբանեցան առանց զիրար հասկնալու, անմեղ վիճաբանություն։ Միայն թե Բարսեղ աղան, որուն, ինչպես կըսեն, գլուխը ցատկած էր օղին, կիրքով կր խոսեր։ Երբ կարգը չորրորդ բաժակին եկավ՝ Բարսեղ աղան, որու գլուխը դառնալ սկսած էր, բնավ ընդդիմություն չըրավ, հաճությամբ խմեց և սկսավ ցած ձայնով սֆահանի վրա հին պեսթե մալ երղել:


— Կը լսե՞ս կոր, պարոն Միհրան, ինչ աղվոր կերգե կոր Բարսեղ աղան։


— Սքանչելի՜։


— Բարսեղ աղայեն չէի հուսար ասանկ հրապուրիչ ձայն մը։