Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տվին և բավական տաքցուցին, իրենց գլուխները։ Հինգերորդ շիշեն հետո Բարսեղ աղան հեծկլտալով կզբաղեր։ Վեցերորդին՝ ալ չկրնալով նստիլ ընկողմանած էր։ Յոթներորդ և ութներորդ շիշերուն ձեռնպահ մնաց։ Ժամը գիշերվան երկուքին կը մոտենար։ Միհրան սպասավորը կանչեց, խմված օղիին հաշիվը հարցուր։ Գաբրիել աղան խնդրեց, որ կեսվակես վճարվեր։ Միհրան մերժեց և հաշիվը մաքրեց։


— Բարսեղ աղան ի՞նչ ընենք, ըսավ Գաբրիել աղան, տունը հիվանդ չունենայի՝ տունս կը տանեի։ Տունս մոտ ալ է, դյուրությամբ կըլլար։


— Գիտեք, որ ասանկ բաներեն չեմ փախչիր ես, հայտնեց Միհրան, բայց ի՞նչ ընեմ, որ պառկեցնելու սենյակ չունիմ։


— Շիտակը՝ ես կառնեի, տունս կը տանեի, հարեց Միսաք, եթե այսօր տախտակ շփած ու հոգնած չըլլային տունը։


— Բարեկամ մը տուն տանելը բա՞ն մէ, բայց եկուր, տես, որ հիվանդ ունիմ տունը։


— Ձախորդություն... ի՞նչ կըլլար, թե որ սենյակ մավելի ունենայի։


— Մերիններն ալ այսօր ելեր են տախտակ շփեչու։


— Սենյակ մ’ալ ավելի ունենայի նե։


— Չե՞ք կրնար մեկտեղ պառկիլ։


— Կարելի՞ է, դուք կրնաք տանիլ, տախտակները շփված են եղեր, ի՞նչ վնաս ունի։


— Իրավունք ունի Միհրան։


— Դուք տարեք, աղբար, հիվանդին ի՞նչ չարիք կրնա հասցնել խեղճը, ձեր տունը մոտիկ ալ է, հոս է։


— Փափուկ կետ մը կա հոն... ամեն բան չըսվիր:


— Մնաք բարով, ըսավ Միսաք ու մեկնեցավ։


— Գիշեր բարի, Գաբրիել աղա...


— Երթաք բարով։


Գաբրիել աղան գինեպանին հանձնարարեց Բարսեղ աղան և աղաչեց, որ պառկելու համար տեղ մը պատրաստե անոր։