Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Հետո.


— Քալե նայիմ հետս։


Անշուշտ դյուրին չէր Բարսեղ աղան այդ վիճակին մեջ Գաբրիել աղային տունը տանել, բայց գիշերապահն հանձնառու եղավ, ի սեր մարդկության, ամեն դժվարությանց և հաջողեցավ Բագոսի այս տկար աշակերտը հանձնել Գաբրիել աղային, որ ապշած՝ ստիպվեցավ ընդունել այս հյուրն և յուր սենյակն տանել ու պառկեցնել: Քանի մը ժամ հետո Բարսեղ աղան արթնցավ։ Ծարավի էր։ Հասկցավ, թե յուր տունը չէր։ Կանգնեցավ, խարխափելով գտավ սեղանը, լեցուն բաժակ մը ձեռքն անցավ, խմեց զայն ի մի ումպ, երեսը քիչ մը թթվեցուց և պառկեցավ վերստին։ Առավոտուն կանուխ արթնցավ։ Չհանված պառկած էր։ Տեսավ, որ բարձն, որու վրա դրած էր գլուխն ու վերմակին վերի կողմը դեղնած էին։ Թիկնոցին թևերուն, բաճկոնակին նայեցավ, կարմրեցավ։ Ընչացքը շտկել ուզեց, ձեռները օտար նյութերու դպան։ Ձեռները գլխուն զարկավ։ Չհամարձակեցավ արթնցնել Գաբրիել աղան, վար իջավ և դռնեն դուրս ելավ հարմար և առանձին տեղ մը գտնելու և լվացվելու համար։


Միհրան և Միսաք՝ նույնպես կանուխ արթնցած՝ գինետունը գնացած էին Բարսեղ աղային վրա տեղեկություն առնելու համար։ Գինեպանը հայտնած էր անոնց, թե շատ խնամը տարած էր իրենց հյուրին, թե մաքուր անկողնո մը մեջ հանգիստ պառկած էր Բարսեղ աղան, թե առավոտուն ելած, մեկնած էր շնորհակալություններ հայտնելով իրեն այն բարի ծառայությանց համար, զորս մատուցած էր իրեն։ Գինեպանը չէր մոռցած նաև հավելուլ, թե ինքն, իբրև գինեպան, պարտավոր էր իր հաճախորդներն ամեն կերպով գոհացնել, թե որևէ պատիվ չպիտի զլանար Բարսեղ աղային, եթե հանձնարարված իսկ չըլլար։ Միհրան և Միսաք շնորհակալություն հայտնելով մեկնած էին գինետունեն և փողոց մը դարձած էին, երբ տեսան Բարսեղ աղան, որ աղբյուրի մը առջև կեցած՝ թաշկինակով երեսը կը սրբեր։


— Բարի լույս, Բարսեղ աղա, գիշերը ի՞նչպես անցուցիք: