Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ արդարև քանի մը վայրկյանեն հետո Մկրտիչ աղան կը մտնե։


— Բարի եք եկեր, բարի եք եկեր։


— Բարի տեսանք։


— Խաչատուր աղան ու՞ր է... ան ինչո՞ւ չեկավ։


— Տունը մենակ չձգելու համար։


— Շատ աղեկ... ի՞նչպես եք նայինք։


— Փառք Աստուծո, սանկ խենդություն մը ըրինք ելանք եկանք:


— Շատ աղեկ ըրիք։


— Խաչատուր աղան ղրկեց։


— Շատ աղեկ ըրավ։ Ներեցեք, ես հիմա կուգամ։


Մկրտիչ աղան կերթա իրիկվան կերակուրի համար պատրաստություններ տեսնելու։


Հյուրերը նույն գիշեր կուտեն և կը մնան հոն. մայր և երկու աղջիկներ մեկ անկողնո մեջ կը պառկին։


Հետևյալ առավոտուն տիկին Քաթիկ ներումն կը խնդրե հյուրերեն զիրենք մեկ անկողնո մեջ պառկեցնելու ստիպված ըլլալուն համար։


— Շատ հանգիստ էինք... շատ... սիրտ մի հատցներ...


— Մայրիկ, այսօր ալ մնանք, անանկ ալ եկանք, անանկ ալ։


— Չըլլար, աղջիկներս, չըլլար... ամոթ է։


— Ինչո՞ւ ամոթ ըլլա... կը ձգեի՞ այսօր ձեզի... այսօր ալ հոս եք, վաղն ալ, կը պատասխանե տիկին Բաթիկը։


— Իրավ որ ձանձրություն պիտի տանք ձեզի։


— Ի՞նչ ձանձրություն պիտի տանք, կըսեն միամիտ աղջիկները, մենք ինտոր ըլլա նե՛ կըլլանք, շատ հանգիստ էինք այս գիշեր։


— Գյուղը հյուր գացողը գոնե երկու երեք օր մնալու է։


Մկրտիչ աղան՝ որուն դրամական վիճակը բարենորոգման կարոտ է՝ կը բարկանա, բայց բարկությունն չկրնար հայտնել։


Բարեկամաց կը դիմե և քանի մը մեճիտիեյի փոխառություն մը կը կնքե։