Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մկրտիչ աղա, կըսե կինն, այս իրիկուն Հյունքյար Սույի երթանք, ինճե սազ կա եղեր։


— Իրավ, Մկրտիչ աղա, երթանք, Հյունքյար Սույի բնավ գացած չունինք, կըսեն աղջիկներն աղաղակելով։


— Կերթանք, կերթանք։


Եվ իրոք կերթւսն նույն գիշերը։ Իշու, կառքի, խահվեյի, լոքումի, ֆըստըխի ծախք կընե երկու մեճիտիյե։ Մկրտիչ աղան ինքնզինքը պիտի բզքտե բարկութենեն. բայց քաղաքավարությունը կը պահանջե, որ ուրախ ըլլա։


Երրորդ առավոտուն տիկին Թագուկ Մկրտիչ աղային՝ որ շոգենավ երթալու վրա է՝ կըսե.


— էհ, մնաք բարով, Մկրտիչ աղա։


— Մերթա՞ք կոր այսօր...


— Ինչ կընեմ կոր նե, չեն մնար կոր, կը պատասխանե կինը։


— Ինչո՞ւ կաճապարեք կոր։


— Քանի մօր ալ մնանք, մայրիկ... թող չեն տար կոր:


— Երեք օրեն ավելի չեմ մնար ամա, հա՛, հասկցա՞ք։ Ձանձրություն կուտանք կոր նե։


— Զանձրություն չեք տար կոր... դուք անհանգիստ կըլլաք մեկ անկողնույն մեջ, կ՛ըսե Մկրտիչ աղային կինը:


— Մենք անհանգիստ չենք։


— Վա՞յ անամոթներ, կը մռմռա ինքնիրեն Մկրտիչ աղան և տունեն դուրս կելնե։


Երեք օրերն ալ կը սահին կանցնին։


Չորրորդ առավոտուն օրիորդ Զապել տաքություն ունի, գլուխը չկրնար վերցնել։


— Այսօր պիտի երթայինք, Զապելս հիվընդցավ։


— Քանի մօր ալ կեցեք պիտի ըսեմ, բայց կը վախնամ, որ անհանգիստ կըլլաք մեկ անկողնու մեջ և կը մսիք։


— Անկողինեն չէ... երեկ շատ պտըտեցավ արևուն, տնկից եղավ։ Տեսնենք դեպի իրիկուն ինտոր կըլլա տե, իրիկվան շոգենավով կ՛երթանք։


— Ալ վաղը կ՝երթաք։