Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈԻԹՅՈԻՆ

ՂԱԼԱԹԻԱ

Ղալաթիո սահմանը հյուսիսային կողմե՝ Թոփհանե, հարավային կողմե՝ Քասըմ Փաշա, արևելյան կողմե՝ Սկյուտար, արևմտյան կողմե՝ էմին էոնի է, ստակի կողմե սահման չունի, մոլությանց կողմե անսահման է:


Խալաթիա դաշտի վրա ըլլալով՝ ամառը ցամաք է. ձմեռը երկրին երեք քառորդը ծով՝ մեկ քառորդը ցամաք է։


Գլխավոր լեռն է Ղալաթա քուլեսին. այս լեռան վրա մյուս լեռներուն պես ձյուն չգտնվիր ո՛չ ամառը ոչ ձմեռը, միշտ կրակ կը գտնվի։


Այս քաղքին մեջ քանի մը ջերմ ուկներ կան պիրախանե անունով, այս ջերմուկները մարդոց մեջը կը մտնեն և իրենց տերերը կը կազդուրեն։ Հանքային ջուրերն են. մաստիքա, քոնյաք, ապսենթ և այլն, և այլն։


Այս քաղքին ամենեն նշանավոր տեղը թրամվեյի գիծն է՝ որուն վրայեն մեկը կրնա քալելով մինչև Օրթագյուղ երթալ եթե թրամվեյի կառքերուն մեկուն տակը չմնա։ Նշանավոր է նաև Քոմիսիոն խանին օդը, բայց այդ օդը հազարին մեկուն հազիվ կուգա, ինը հարյուր իննսունը իննին վնասակար է, հետևապես այդ կլիմային տակ մեկ հոգի բժշկելու համար ինը հարյուր իննսունը ինը հոգի մեռցնելու է։


Խաղքին բերքն է անգործություն, գինովություն։ Արտաքին բերքն է քսակահատներ, դողեր և այլն։