Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Սովորություն չունիմ մեկ դավաթեն ավելի խմելու։


— Մեր գագաթներն պզտիկ են, մանավանդ թե Պոլսո օդն ալ կը վերցունե։


— Շատ լավ։


Երկու բարեկամներ մեյմեկ գավաթ ևս խմեցին իրարու կենդանությանը, և Մանուկ աղան սկսավ ատենաբանության։


— Այս առտու, ըսավ, մեր թաղին ազգային զբոսարանը գացած ժամանակս, ձեզմե աղեկ չըլլա, մեր բարեկամներեն Մելքոն աղային հանդիպեցա։ Այս Մելքոն աղան նախ Բարթողիմեոս աղային աղջիկն առած էր։ Բարթողիմեոս աղան ալ ժամանակավ մատով կը ցցունեն եղեր, իբրև բարի մարդ, հյուրասեր մարդ, ազգասեր և բարեպաշտ մարդ, և շուկային մեջ շատ խանութներ ուներ, որոնցմե տարին բավական եկամուտ կառներ։ Բանի մը տարիեն Մելքոն աղային կինը մեռավ, և Մելքոն աղան համետագործ նիկողոսին աղջկանը հետ կարգվեցավ։ Այս աղջիկն քանի մը եղբայրներ ունի, որոնց մին Ամբակում աղային քով գրագրություն կընե։ Այս Ամբակում աղան ալ տղա մը ուներ, որ թուղթ խաղալով հորը շատ ստակը կերավ և վերջեն Ռուսաստան փախավ։ Այս տղան Մարգար եպիսկոպոսին քրոջ թոռան եղբորորդին էր։ Մյուս եղբայրը շուկայի մեջ ոսկերիչ է, բարձր հասակով, սիրուն մարդ մէ։ Երրորդ եղբայրը ատենոք շատ պարապ պտտեցավ, խեղճության մեջ ինկավ, անոթութենե պիտի մեռներ, վերջեն թաղական անդամ ընտրվեցավ և մեկ երկու տարիեն ինքզինքը ժողվեց։ Չերկնցնեմ խոսքս, Մելքոն աղան՝ այդ Նիկողոս աղային աղջիկն առնելեն ետքը քանի մը տարիներ շատ հանգիստ կյանք վարեց, բայց վերջեն բախտը դարձավ, ձախորդություն ձախորդութեան վրա եկավ, և ունեցած չունեցածը բոլորովին կորսնցուց։ Օր մը առնեմ զինքը, հոս բերեմ, և տեսեք, թե ինչ բարի մարդ է։ Եղբայր մալ ունի, որ վարպետ ժամագործ մէ, ատենոք Պեռյուք Տերե կը նստեր, վերջը քանի մը տարիներ Սկյուտար նստավ, ետքեն Քում Քաբու երթալովի հոն ալ չկրցավ նստիլ, և հիմա չեմ գիտեր ուր կը նստի։ Բայց շատ վարպետ ժամագործ է։ Թորոս աղան, որ և