Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հետերնին հովանոց առնելու տեղ մեյմեկ վրձին կառնեն։


Ունի աղվոր թանգարաններ, որոնց մեջ երգեցիկ աղջիկներ մինչև առավոտ գիրքերնին առջևնին գրած կերգեն։ Ունի նաև համալսարաններ, որոնց մեջ աղեկ թուղթ խաղալու գիտությունը կավանդվի, դյուրուսույց եղանակավ, գործնական կերպով։


Տուներուն գրեթե երեք մասը քար ու կիր է. կրակեն չեն վախնար, բայց կայրին։


Ձեռագործներն մեծ կատարելության մեջ են. քանրվայի վրա բանված աղեկ բանթոֆներ կը գտնվին. Բարիզեն եկած գաղապարին համեմատ շապիկներ կը կարեն, զորոնք առաջին անգամ կոճկելուդ կոճակները կը փրթին, և քիչ մը երկար շունչ առնելուդ կարերը կը քակվին. այսպես հասկցիր ամեն հագուստներուն համար, այս տեղեն շապիկ կամ զգեստ ծախու առնողն ուշադրությամբ շունչ առնելու է։


Ամառ ատեն ջուր չգտնվիր. և այն հիվանդները, որոնց ջուր չխմել հրամայված է բժշկաց կողմեն, հոս կը դարմանվին. բնակիչները ամառ ատեն օղին առանց ջուրի խմելով այնպես սովրած են և հիմա ընդհանրապես օղին առանց ջուրի կը խմեն և ջուրով խմողները կը ծաղրեն։ Եթե երբեմն ջուրի անհրաժեշտ պետք ունենան՝ անմիջապես կաթնավաճառի մը խանութ կերթան ու անկե կառնեն։


Օդը առողջ է. հիվանդներու չգար, առողջներուն վնասակար է։


Բնակիչն է նորաձևություն. թիվը այս օրերս միլիոնի մը կը հասնի։


ԳԱՏԸ ԳՅՈԻՂ

Այս քաղաքն ալ թեև ըստ աշխարհագրական օրինաց իր չորս կողմերը՝ այսինքն արևելք, արևմուտք, հյուսիս և հարավն ունի, բայց ամեն կողմեն հարավ կը փչե։ Շատ հառաջ գացած է դեպի ծով և այս պատճառավ Ասիո ծովեզրը գտնված գյուղերուն ամենեն հառաջադեմն սեպվելու արժանի է։