Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Ծովու բաղնիքները բազմաթիվ են. ամառը ծովը մտնալու համար շատ մարդ կերթա։


Ընկերությունը հասարակության ծառայություն մալ ընելու համար հոն բանող շոգենավներն ալ ծովու բաղնիքի ձևով շինել տված է, որոնք ամեն կողմեն ջուր կառնեն, մանավանդ երբ հարավային հողմը փչե։ Այս պատճառավ բնակչացը աղքատ մասին համար մեծ դյուրություն մը կա, 60 փարա տալով թե ճանբանին կերթան և թե ծով մտած կըլլան: Ծույլերուն ալ սա աղեկությունը կա որ հանվիլ հագվելե կազատին։


Փողոցները հիմակվան նորաձև բանթալոններուս կը նմանին, վարի կողմը լայն ու երթալով կը նեղնա։


Տուներուն մեկ մասը քոյր ու կիր մեկ մասն ալ փայտաշեն է։


Զբոսանաց տեղերը այնչափ շատ են, որ մարդ գլուխ երկու զբոսավայր կիյնա. ասոնց ամենեն աղվորն է Մեոհյուրտար ըսվածը, որն որ ծովուն վրա կը նայի, բայց հոն գացողները գեղեցիկ սեռին վրա կը նային։


Բնակիչք հարուստ են և այս պատճառով հոն Պոլսո ուրիշ տեղերեն քանի մր ժամ ուշ առտու կըլլա, երբեմն ալ բնավ չըլլար, որովհետև մինչև իրիկուն կը քնանան:


Այս քաղաքն ալ իր ջերմուկներն ունի, որք են ծովեզրի սրճարանները. ասոնք տաքության մասին այնչափ անվանի են որ քրտնցնելու հիվանդները բոլոր հոն կը տարվին։


Հոն ծնած է անտանելին օմնիպյուս, որ նախ Մեոհյուրտար շինված Օթել Քիթռեյ ըսված պանդոկին անվամբը ինքն ալ Օթել Քիթռեյ կոչվելով հատկապես նույն պանդոկին հաճախորդները տանելու բերելու համար շինվեցավ։ Ուստի և այս կառքերս պարապ եղած ժամանակնին նավահանգստեն մինչև պանդոկ շատ դյուրությամբ կերթային, բայց մեկ քանի հաճախորդ նստած ատեն կես ճանբան մնալնուն որոշվեցավ որ պարապ երթա գա. եթե սխալմամբ մեկ երկու հողի մեջը գտնվեին՝ կը զղջային, որովհետև կստիպվեին վար իջնել և զայն ետևեն հրելով ձիերով մեկտեղ պանդոկ տանիլ։ Կըսվի թե օր մը կառքը ետևեն հրած ատենին ձիերը