Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երբ քանի մը օր անգործ մնան։ Ժամագործն յուր պատվույն դեմ անարգանք կը համարի Թորոս աղային առաջարկությունն և կը բարկանա։ Եթե դուն ըլլայիր ժամագործին տեղ չէ՞իր բարկանար։


— Կը բարկանայի, պատասխաներ Աբիսողոմ աղան, որ խելքն ու միտքը ապուրի ղրկած ըլլալով՝ բնավ ականջ չէր կախեր Մանուկ աղային ըրած պատմությանը։


— Թորոս աղան, ականջը խոսի, կրակ կը կտրի ժամագործին բարկանալուն վրա և քանի մը ծանր խոսքեր կընե իրեն, որ ընելու չէր. այնպես չէ՞։


— Այնպես է, պատասխաներ դարձյալ Աբիսողոմ աղան մեքենաբար՝ միշտ հավանության պատասխաններ տալով իրեն եղած հարցումներուն, որպեսզի խոսքը չերկարի, և կերակուրը բերեն։


— Ժամագործը կը վռնտե Թորոս աղան, ականջը խոսի. Թորոս աղան ալ, ականջը խոսի, խանութեն դուրս ելնել չուզեր՝ վռնտվիլն իրեն պզտիկություն համարելով, դուն ալ ըլլաս, չես ելլա՞ր ա՛։


— Չեմ ելլար ա՛, պատասխաներ Աբիսողոմ աղան, որ չէր գիտեր, թե ուսկից չէր ելլար և ինչո՞ւ չէր ելլար. վասնզի, ինչպես ըսինք, Թորոս աղային ըրած պատմության և ոչ մեկ բառը իւր ականջը մտած էր. միայն հարցումներու կը պատասխաներ։


— Ծեծկըվուքը կ՝սկսի, ժամագործն ապտակ մը կր զարնե Թորոս աղային, ականջը խոսի, Թորոս աղան, ականջը խոսի, կից մը կուսյա ժամագործին. կարծեմ, ով ալ ըլլար Թորոս աղային տեղը, ուրիշ կերպով չպիտի կրնար պատասխանել ժամագործին ապտակին։ Ոտքդ պագնեմ, Աբիսողոմ աղա, ըսե՛, այնպես չէ՞։


— Դուք ալ հոս թոմաթեսո՞վ կը շինեք, հարցուր մեկեն ի մեկ Աբիսողոմ աղան։


— Թոմաթեսո՞վ...


— Այո՛, ուրիշ տեղեր թոմաթեսով կը շինեն եղեր։


— Ժամացո՞ւյցը։


— Ո՞ր ժամացույցը։