Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


— Այո, բայց իրավունքն որո՞ւ քովն է:


— Ի՜նչ օգուտ... գեշ մարդու հետ գլուխ չելնըվեր։


— Այո՛, բայց կաղաչեմ ըսե՛, երկուքեն ո՜րն իրավունք ունի։


— Ինչո՜ւ կ՝ստիպես, որ ըսեմ, եղբա՛յր, երկու անգամ երկու չորսի պես հայտնի է իրավունքին ուր ըլլալը։


Շատերն այս պատասխաններովս գոհացուցած եմ. բայց ոմանք ալ կան, որ կարծես զքեզ ոստիկանության պիտի հանձնեն, եթե չըսես, թե Մարկոսն իրավունք ունի, իսկ Կիրակոսն անիրավ է։ Ասոնց ալ ձեռքեն խալսելու համար՝ ստիպողական գործ մ՝ունիմ՝ ըսելով առեր, քալեր եմ։ Իսկ վերջերս տեսնելով, թե այս ընթացքս կը քաջալերն շատախոսները, քաղաքավարությունը մեկդի դնելով՝ օր մը անոնցմե մեկուն ըսի.


— Պարոն, զքեզ երկու ժամ մտիկ ընելու համար երկու ոսկի կուզեմ. երկու ոսկիեն լումա մը պակաս եթե տաս, չեմ ընդունիր։


Մարդը կես ոսկի տվավ, իսկ ես չընդունեցի և օձիքս խալսեցի։ Այս օրերս կը լսեմ, որ այդ մարդը քառորդ ոսկիի երկու ունկնդիր ևս վարձած է։ Երանի Մասիսին, որ յուր ունկնդիրներուն ստակ տալու տեղ անոնցմե ստակ կառնե։


Աբիսողոմ աղան ինձի պես չվարվեցավ և, ինչպես հայտնի է, երբ թոմաթեսի հարցապնդումով զգալ տվավ ատենաբանին, թե յուր ճառն բնավ մտիկ ըրած չէր՝ յուր անքաղաքավարությունն անմիջապես դարմանելու համար ըսավ.


— Կատարյալ մտիկ ըրի։


Աղե՜կ ըրավ։ Հայտնի է, որ գեշ ըրավ. եթե ես յուր տեղն ըլլայի՝ պարզապես կըսեի Մանուկ աղային.


«Մանուկ աղա, ինձի նայե՛, եղբայրս, երբ որ մեկը խոսիլ կսկսի, խղճմտանքը մեկդի դնելու չէ։ Ութը ժամե ի վեր անոթի եմ ես և բնավ պետք չունիմ գիտնալ, թե Մարտիրոս աղան որուն տղան է, թե Գևորգ աղան որու հայրն է, թե ժամագործը Թորոս աղային ապտակ զարկեր է, թե Թորոս աղան ալ ժամադործին կից տվեր է»։