Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այսպես կը խոսեի բացե ի բաց, ոչ թե միայն ընկերության մը մեջ գլուխ ցավցնողին, այլ նույն իսկ այն վարդապետներուն, որ շատ խոսելու նպատակավ միայն չորս ժամ քարոզ կուտան և կը վիրավորվին, եթե ժողովրդեն մեկը քարոզի ժամանակ եկեղեցիեն դուրս ելնե։ Եվ արդեն ըսած եմ օր մը եպիսկոպոսի մը, որ հինգ ժամ քարոզ խոսելեն ետքը եկեղեցիեն դուրս ելած էր և խուցը կերթար։


— Ո՞ւր կերթաք, սրբազան, հարցուցի։


— Շատ քրտնած ըլլալով խուցս պիտի երթամ և լաթ պիտի փոխեմ։


— Դուք ո՞ւր կերթաք, հւսրցուց ինձի։


— Ես ալ տուն կերթամ լաթ փոխելու համար, պատասխանեցի իրեն։


Եվ այն օրեն ի Վեր եպիսկոպոսն կարճ կը խոսի քարոզի մեջ։


Աբիսողոմ աղան չունեցավ այս համարձակությունը և խրախույս տվավ Մանուկ աղային, որ շարունակե յուր ճառը թոմաթեսական հարցման պատասխանելեն ետքը։


— Թոմաթեսը հոս կը գործածենք ապուրի մեջ, բիլավի մեջ և ուրիշ մսեղեն քանի մը կերակուրներու մեջ, բայց բնավ երբեք ժամացույցի մեջ։


— Շնորհակալ եմ, ապուրի մեջ կը գործածվի ըսել է, ես ալ ատ գիտնալ կը փափագեի։


— Ապուրը թոմաթեսո՞վ կը սիրեք, թե ոչ։


— Թոմաթեսով կը սիրեմ։


— Շատ աղեկ։ Դառնանք հիմա մեր խոսքին... ո՞ւր մնացինք... հա՛, Թորոս աղային վրա էր։ Տարօրինակ մարդ մէ աս Թորոս աղան, ականջը խոսի, շատ պատմություններ ունի. ուրիշ գիշեր մալ զանոնք կը պատմեմ, և ժամանակ կանցունենք։ Երկար չընենք, աս սատու հանդիպեցա Մելքոն աղային...


— Բերի, որ տաք տաք ուտենք, ըսավ տիկինը ներս մտնելով և ապուրը բերելով։


— Այո՛, այո՛, ուտենք, վասնզի շատ անոթի եմ, ըսավ Աբիսողոմ աղան։