Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հրամմեցե՛ք...


— Շնորհակալ եմ, ըսավ Աբիսողոմ աղան և գդալը բերանը տանելու չմնաց, մեկեն ի մեկ վեր ցատկեց։


— Կարծեմ թե շատ տաք էր, ներեցե՛ք, Աբիսողոմ աղա՛, ըսավ տիկինը։


— Քիչ մը ջուր առ բերանդ, Աբիսողոմ աղա, ավելցուց Մանուկ աղան։


— Վնաս չունի, վնաս չունի...


— Տիկի՛ն, ինչո՞ւ համար ուշադրություն չեք ըներ կերակուրներու տաքությանը կամ պաղությանը. ըսավ էրիկն կնոջ։


— Ա՛լ այս գիշեր մեր պակասություններուն աչք գոցելու է, Աբիսողոմ աղա։


— Վնաս չունի, բան մը չէ՛։


— Ապուրը մինչև որ պաղի՝ այս օրվան դեպքը պատմեմ գոնե, ըսավ Մանուկ աղան։


— Մանուկ աղա, Աբիսողոմ աղային գլուխը մի՛ ցավցուներ այս գիշեր. թերևս չախորժիք։


— Ժամանակ անցունելու համար պիտի խոսեի, որ զբոսնու և չնեղվի։


— Ուրիշ գիշերվան թող. այս գիշեր հոգնած-հոգնած, կրնա՞ քեղի մտիկ ընել։


— Կարծեմ թե Աբիսողոմ աղան սիրով մտիկ կ՝ընե ազգային գործերը և բնավ ձանձրությտւն չզգար։


— Այո՛, սիրով մտիկ կ՝ընեմ, պատասխաներ հյուրը, բայց տիկինին ըսածին պես վաղը գիշերվան թողունք, վասնզի այսօր շատ հոգնած եմ:


— Շատ լավ, շատ լավ, ինչպես որ կուզեք, այնպես ըլլա. բայց մեր թաղին թաղականին գործը շատ զվարճալի է։ Մելքոն աղան եթե հոս ըլլար և պատմեր՝ խնդալեն կը ճաթեինք։


— Ապուրը պաղեցավ, հրամմեցե՛ք, ըսավ տիկինը։


Աբիսողոմ աղան այս հրավերն առնելուն պես՝ գդալով ապուրին վրա հարձակեցավ։


— Օղի մալ կը խմե՞ք, Աբիսողոմ աղա։


— Շնորհակալ եմ, չեմ ուզեր։


— Տիկին, Աբիսողոմ աղային գինի լեցո՛ւր։