Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շատ չսիրեցի, ասոնք կամ դրամդ առնելու կը նային կոր կամ երկու ժամ գլուխդ ցավցունելու։ Ի՜նչուս պետք իմին, ես եկած եմ հոս կին մառնելու և երթալու, որուն աղջիկն որ սիրեմ՝ կուզեմ. եթե տան՝ կառնեմ, դործս կերթամ, և եթե չտան, եթե չտան... բայց ինչո՜ւ չտան... ինձմե աղեկի՜ն պիտի տան... Եթե վաղը սա լրագիրն իմ անունս ալ փառավորապես գրե, այն ատեն շատերն պիտի աղաչեն ինձի, որ իրենց աղջիկն առնեմ... Մեկեն ավելին ի՛նչ պիտի ընեմ... անոնց մեջեն պարկեշտ աղջիկ մը կը զատեմ... խոսկապը կընեմ... նշան կուտամ... կր կարգվիմ...


Այս որոշումները տալով կը քնանա Աբիսողոմ աղան։


Զ

Աբիսողոմ աղան աղվոր քուն մը քաշեց նույն գիշերը, վասնզի շատ հոգնած էր և թերևս հետևյալ օրն ալ չէր բանար աչերն, եթե փողոցի վաճառականներն առավոտուն իրենց ահարկու ձայներովն չխռովեին անոր քունը, մահվան այդ կտրոնն, որ ոչ միայն հոգնած մարդերու հանգստարանն է, այլև շատ մը մշտնջենական ցավերու առժամանակյա դարմանն է։ Երանի՜ անոնց, որ կը քնանան և ուշ կ՛արթննան կամ բնավ չեն արթննար, վասնզի անոնք բնավ չեն զգար կամ գոնե քիչ կ՛զգան այն ցավերն, որք հալ ու մաշ կընեն մարդս։ Բայց Պոլսո մեջ քնանալու ազատություն ալ չկա. գիշերները պահապաններն այնքան ուժով գետին կը զարնեն իրենց փայտերն, և առավոտուն փողոցի վաճառականներն այնքան բարձր ձայնով կեղանակեն իրենց ապրանքներն, որ քունն կը շվարի, կը մնա, թե որ կողմ փախչի։ Եթե վերջին դատաստանին օրը Գաբրիել հրեշտակապետը չհաջողի յուր փողովն մեռյալներն արթնցնել, ես պիտի առաջարկեմ, որ այդ պաշտոնը Պոլսո փողոցի վաճառականներուն կամ գիշերային պահապաններուն հանձնվի: Աբիսողոմ աղան ալ, որ փողոցի վրա սենյակի մը մեջ կը պառկեր, ստիպվեցավ կանուխ արթննալ։ Աչերը բանալուն պես անկողինեն ելավ, սնտուկը բացավ և