Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Լսված բա՞ն է, որ ձեզի պես երևելի մարդ մը Պոլիս գա և պատկերը քաշել չտա. աշխարհ արարատ ձեր վրա պիտի խնդացնե՞ք։


— Ինչո՞ւ։


— Պատճառը հայտնի է. մեծ մարդերը բնականաբար մեծ բարեկամներ կունենան, դուք մեծ մարդ մեք և այսօր կամ վաղը պիտի սկսիք մեծ մարդերու այցելություններն ընդունիր Ասոնցմէ շատերն իրենց պատկերներեն մեյ մեկ հատ պիտի նվիրեն ձեզի, և դուք ալ պիտի ստիպվիք ձերինեն մեյ մեկ հատ տալ անոնց։


— Եվ եթե չտամ, կը խնդա՞ն իմ վրա։


— Խնդալն ալ խո՞սք է, ընկերություններու մեջ մատի վրա կառնեն ձեզի։


— Զարմանալի բան...


— Լսված բա՞ն է, որ ձեզի պես ազնվական մը պատկերը հանել չտա. մեծ ամոթ է...


— Մե՞ծ ամոթ...


— Այո, շատ մեծ ամոթ է. անվարտի պտըտիլն այնքան ամոթ չէ, որքան իրեն պատկերն չունենալը։


— Ես չէի գիտեր։


— Քաղաքակրթությունը և լուսավորությունը պարտք կը դնեն մեր ամենուս վրա, որ մեր պատկերներն ունենանք։


— Լրագիրները պիտի գրե՞ն, որ Աբիսողոմ աղան յուր պատկերը քաշել տուած է։


— Լրագիրներու վերաբերյալ խնդիր մը չէ աս...


— Ըսել է թե եկեղեցիներու մեջ ծանուցում ալ չպիտի ըլլա։


— Ծանուցումի ի՞նչ հարկ կա, Աբիսողոմ աղա՛, կը ծաղրե՞ք զիս...


— Ծաղրե՞լ, ատոր շատ դեմ եմ ես... ի՜նչ իրավունք ունիմ ուրիշ մը ծաղրելու...


— Մի՛ բարկանաք...


— Չէ, կը բարկանամ, ես բնավորություն մը ունիմ, որ ամեն բան շիտակ կուզեմ։