Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ոստիկանության երթալու հարկ չկա. կը խնդրեմ, որ ձեր բերնեն ելած խոսքը հաշտեցունեք ձեր քաղաքավարությանը հետ։


— Ես կռվի մեջ չեմ մտներ, գնա՛, դուն հաշտեցուր, եթե կռիվ ընողներ կան։


Մանուկ աղան Աբիսողոմ աղային նախաճաշը կը բերե և եռոտանի սեղանի վրա դնելեն վերջը՝


— Հրամմեցե՛ք, ձեր կաթը, խմեցե՛ք, կըսե:


Աբիսողոմ աղան աթոռ մը կառնե, սեղանին աոջև կը նստի և կսկսի կաթը խմելու։


— Ի՞նչ որոշեցիք նայինք, Աբիսողոմ աղային պատկերը կե՞ս մեջքեն պիտի քաշեք, թե ոտքի վրա, կը հարցունե Մանուկ աղան։


— Ոչ կես մեջքեն, ոչ ալ ոտքի վրա, կը պատասխանե Աբիսողոմ աղան։


— Աթոռի մը վրա նստած ամբողջ պիտի քաշեք։


— Ո՛չ։


— Պառկած պիստի հանեք։


— Ոչ։


— Քովընտի՞։


— Ո՛չ։


— Ի՞նչպես որոշեցիք ուրեմն։


— Որոշեցինք, որ մեր պատկերը բնավ քաշել չտանք։


— Ատ չըլլար, ատիկա մեծ պզտիկություն է, Աբիսողոմ աղա՛, հիմա պզտիկներեն բռնե, մինչև մեծերը գնա, ամենն ալ տարին քանի մը անգամ պատկերնին քաշել կուտան, երկու ամսու տղաներն անգամ իրենցն ունեն, միայն իրենց մորը արգանդին մեջ գտնվողները չունին իրենց պատկերը, եթե անոր ալ դյուրին մեկ ճանբան գտնեն՝ անոնց ալ պիտի հանեն։


— Ես չկրցի համոզել Աբիսողոմ աղան, որ կարծեց, թե զինքը խաբելու համար եկած եմ հոս, ըսավ պատկերահանը։


— Չէ, մեր պատկերահանն անանկ մարդ չէ, ավելցուց Մանուկ աղան։