Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ըսի, թե Աբիսողոմ աղային պես մեծ և երևելի մարդ մը իրեն պատկերն անպատճառ ունենալու է։


— Այո՛, ունենալու է, և քանի մը տեսակ։ Օրինակի համար. տասներկու հատ պստիկ, տասներկու հատ միջին, տասներկու հատ մեծ, տասներկու հատ ոտքի վրա, տասներկու հատ աթոռի մը վրա բազմած, տասներկու հատ քովընտի նստած, տասներկու հատ շիտակ նստած, տասներկու հատ ոտք ոտքի վրա գրած, տասներկու հատ ձեռք ձեռքի վրա, տասներկու հատ գլուխը ձեռքին կռնթած, տասներկու հատ ձեռքը սեղանի մը վրա դրած, տասներկու հատ պառկած, տասներկու հատ ձեռքը գավազան բռնած, տասներկու հատ խնդումերես, տասներկու հատ տխուր դեմքով, տասներկու հատ ալ ոչ խնդումերես և ոչ տխուր դեմքով։ Այո՛, Աբիսողոմ աղա՛, աս ըսածներես հատ մը եթե պակաս ըլլա, ձեր պատվույն վնաս կուգա։


— Իրա՞վ կըսեք, հարցուր Աբիսողոմ աղան։


— Սուտ խոսելու բնավ պարտականություն չունիմ. եթե ասոնք չունենաս, քու վրադ աղեկ աչքով չեն նայիր, բոլոր մեծ մարդերն ասոնք ունին։


— Մեծ մարդերն ունին, աղեկ գիտե՞ս։


— Այո, ունին։


— Պզտիկներն ալ ունին՝ ըսիր հապա։


— Պզտիկներն այս չափ չունին, անոնք կամ երեք հատ և կամ շատ շատ վեց հատ հանել կուտան։


— Բնավ մտքես չէր անցներ, որ պատկերին այս չափ կարևորություն կը արվի հոս։


— Այո՛, կարևորությունը հիմա միայն պատկերներուն կը տրվի, և որքան աղեկ քաշված ըլլան, այնքան ավելի կարևորություն կառնեն։


— Քանի որ ամեն մարդ յուր պատկերն ունի, իմ մեծ մարդ ըլլալս ինչե՜ն պիտի հասկցվի. միայն մեծ մարդերը քաշել տալու էին, որ այն ատեն...


— Բայց մեծ մարդերունը ուրիշ տեսակ է, խոշոր դիրքով և փայլուն թուղթի վրա կը հանեն: