Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներե հանցանացս. այսչափ տարիներե հետե ձեր հացը կուտեմ, դուք իմ բարերարս եք, ես ձեզ գրկերուս մեջ այն չափ գրկած ու պտըտցուցած եմ, երբ դեռ պզտիկ էիք»... վերջապես սըվոր նման բաներ չե՞նք կրնար դնել պատկերին մեջ։


— Ատոնց վրա վաղը կը խորհինք. մենք հիմա սկսինք մեր երեկվան պատմության, որ կիսատ մնաց։ Մելքոն աղան զիս տեսնելուն պես...


— Կամ թե սանկ կռնակի վրա պառկիմ, և սպասավորներս ալ բանթալոնս քաշեն...


— Զիս տեսնելուն պես մոտեցավ ինձի և...


— Նարկիլեյով ավելի փառավոր չըլլար...


— Մոտեցավ ինձի և ձեռքերս բռնելով ըսավ. «Եթե այսօր չաշխատինք՝ մեր չուզած մարդերը թաղական պիտի ընտրվին»:


— Սնակ տասը կանգուն երկարությամբ մարբուճ մը...


— Անոնք վաղվան գործ են, Աբիսողոմ աղա, թող տվեք, որ սա պատմությունս լմնցնեմ։ Մելքոն աղան թևես բռնելուն պես քաշեց զիս ազգային ընթերցատունն, ուր երիտասարդներ նստած թուղթ կը խաղային։


— Ես ալ կըսեմ, որ մարբուճը եթե կարճ ըլլա՝ ավելի աղվոր կերևնա պատկերին մեջ:


Կյանքիս մեջ հարյուր անգամեն ավելի հանդիպած եմ այս տեսարանին, ուր երկու դերասաններ խոսքն իրարու բերնեն հափշտակելով՝ յուրւսքանչյուրը կը փափագի առաջ յուր խոսքը մտիկ ընել տալ։ Այո՛, հարյուր անգամ ներկա գտնված եմ երկու անգամ ընկերություններու մեջ և իննսունը ութը անգամ Ազգային երեսփոխանական ժողովո մեջ։ Հարյուր մեկերորդ անգամն էր այս և սատանան կը դրդեր զիս ըսելու այս երկուքեն մեկուն. «Թո՛ղ տուր դիմացինիդ լմնցնել յուր խոսքն և վերջը խոսե՛ս։ Բայց որովհետև ուրիշ անգամներ այսպես խոսած ըլլալուս համար մեկուն կամ մեկալին սիրտը կոտրած եմ, որոշեցի չեզոքություն պահել, թող տալ իրենց՝ փոխասացություն ընել և սպասել տեսնելու համար, թե ինչ—