Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հուզմունք պիտի պատճառեմ հաշվագետներու մեջ. վասնզի ես շատ էրիկ մարդիկ գիտեմ, որոնք կինն իրենց սիրո հաշվույն մեջ ընդհանուր ծախքի կողմ կանցունեն, շատերը կարասիքի հաշվուին տակ կը գրեն, ոմանք ընդհանուր ապրանքի կարգը կանցունեն, ոմանք վճարելի թուղթերու և ոմանք ընդունելի թուղթերու հաշվույն մեջ կը նշանակեն։ Խիստ քիչ են այն նախանձելի ամուսնություններն, որոնց մեջ կինը էրկանը ընկեր կարձանագրվի սիրո տետրակին մեջ։


— Կարգվիլը շատ անուշ բան է, հարեց սիրո միջնորդն, քեզի հարմար աղջիկ մը գտա՜ր, ամեն օր արքայության մեջ ես...


— Ես ալ ասոր համար է, որ կարգվիլ կուզեմ։


— Կինդ բնավորությանդ չհարմարեցա՜վ, ամեն օր դժոխքի մեջ ես, կրակներու մեջ կերիս։


— Ես ալ ասոր համար է, որ կարգվելու. կը վախնամ։


— Նայեցե՛ք, ձեզի բան մը ըսեմ, աղա՛, հրամանքնիդ հարկավ մեծ տեղե մը աղջիկ կ՝ուզեք առնել, վասնզի դուք ալ մեծ մարդ մ՝եք։


— Այո՛, այո՛, մեծ տեղե կ՝ուզեմ։


— Ես ալ քեզի մեծ տեղե մը աղջիկ կը գտնեմ, բայց հրամանքնիդ ֆրանսերեն գիտե՛ք։


— Մեծ տեղե աղջիկ առնելու համար անպատճառ ֆրանսերե՜ն գիտնալու է։


— Այո՛, վասնզի մեծ տեղի աղջիկներն ֆրանսերեն կը խոսին, և երբ կին մը յուր էրկանը չգիտցած լեզվով ուրիշի մը հետ կը խոսի, տակեն նախանձ կելնե։


— Ես ալ կը սորվիմ ֆրանսերեն։


— Բացի ասկից, երջանկությունը շատ քիչ կը գտնվի այն ամուսնության մեջ, ուր կնիկն էրիկեն ավելի բան գիտե։


— Այնպես է, ես ալ այն կարծիքեն եմ։


— Հրամանքնիդ եվրոպական եղանակներեն բան մը կը հասկնա՜ք։


— Ամենևին բան մը չեմ հասկնար և մանավանդ թե կը ձանձրանամ։