Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կինը նորեն մտնելով, մեծապատիվ էֆենտին շատ բարև կընե եղեր և այսօր կամ վաղը պիտի գա եղեր զձեզ տեսնելու։


Տիկինը գրքերը սեղանի մը վրա դրավ:


— Ի՞նչ ընեմ այսչափ գիրքերը, գրավաճա՞ռ պիտի ըլլամ ես։ Չեմ ուզեր, ալ ասկից վերջը եթե բերող ըլլա, մի՛ ընդունիր, Աբիսողոմ աղան հոս չէ ըսե՝ և ճանբե՛:


— Ատ ալ չըլլար, դուն խմբագիրները չես ճանչնար. անոնց մեջ կը գտնվին այնպիսիներ, որ երբ իմանան, թե իրենց ընկերներեն մեկուն լրագիրն առած ես և իրենցը չես առեր՝ վրադ կը հարձակին և չլսված խոսքեր կ՝ընեն։


— Եթե այնպես է, ընդունե՛, որչափ լրագիր որ բերեն. ի՞նչ ընենք, բռնվեցանք անգամ մը. եթե գիրք բերեն, մի՛ ընդունիր:


Տիկինը գլուխ ծռելով դուրս ելավ։


— Թեպետև այդ մարդիկն իրենց ուզածները թաղական ընտրելու կաշխատեին, բայց իրենց մեջ ալ անմիաբանություն կար. ակնավաճառն յուր առաջին հաճախորդը կ՝ուզեր թաղական ընտրել, հացագործը կուզեր թաղական ընտրել այն մարդն, որուն տունը օրը տասը հաց կուտար. դերձակն թաղտկան տեսնել կը փափագեր այն երիտասարդն, որուն վրա շաբաթը երկու անգամ հագուստ կը ձևեր և կը կարեր, համետագործը քվե տալ կ՝ուզեր այն հարուստին, որուն մեկ երկու համետ կը շիներ տարին, խմբագիրն յուր բոլոր բաժանորդները Թաղական Խորհրդո մեջ տեսնել կուզեր. փաստաբանը իրեն շատ դատ հանձնողին քվե կուտար, բժիշկն՝ յուր ամենեն ծանր հիվանդին, և գինեպանն ալ ամենեն շատ օղի և գինի խմողին կուզեր հանձնել թաղին գործերը: Ահա այսպես իրենց մեջ...


Մանուկ աղան դարձյալ չկրցավ շարունակել յուր պատմությունը, վասնզի ուրիշ հյուր մը ներս մտնելով ընդհատեց անոր խոսքը։


Այս հյուրը մաքուր հագված երիտասարդ մէր. յուր կլոր և ճերմակ դեմքը շրջանակված էր դեղինով խառն սև մորուքե մը, որ շատ չէր վայլեր։ Պատկերներ կան, որ առանց շրջա—