Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ներեցե՛ք, Աբիսողոմ աղա, եթե մեր այս առաջին տեսությանը քիչ մը համարձակ կը խոսիմ ձեզի հետ։


— Հոգ չէ՛։


— Ծառադ վեր տարի Եվրոպա մնացած եմ և բժշկություն սորված եմ։


— Աղեկ արվեստ։


— Գիշերները քունս ծախելով՝ կարդացած ու գրած եմ, որպեսզի քաղաքս դառնամ և ազգիս ծառայություն ընեմ։


— Մարդ ալ յուր ազգին ծառայություն ընելու է։


— Երկու տարի է, որ հոս կը գտնվիմ, և մինչև այսօր հազիվ չորս հիվանդ նայած եմ, հասկցիր, թե ինչպես կը քաջալերվին հոս բժիշկները։


— Ցավալի բա՜ն... այս տեղացիները հիվանդ ըլլալու սովորություն չունին...


— Ունին, բայց հոս հիվանդները ազգային զգացում չունին, Հայաստանի վրա գաղափար չունին։


— Ի՞նչ կըսեք։


— Այո՛, երբ հայ մը հիվանդ ըլլա՝ օտար ազգե բժիշկ մը կը բերե յուր տունը՝ առանց գիտնալու, թե հայու ցավն հայը կարող է միայն բժշկել, առանց համոզվելու, թե օտարը չէ կարող հայու ցավուն դարման ըլլալ։ Այսօրվան օրս երկու հազարեն ավելի հայ բժիշկ կա, ասոնց մեջեն հինգ վեց հատը, մանավանդ երկու երեք հատը պատվական կյանք կանցունե, և անգին մնացածը ամեն օր բերանը բաց կսպասե, որ հիվանդ մը ներկայանա իրեն և ստակ առնե։


— Գեշ վիճակ։


— Ի՜նչ ընեն ազգային բժիշկներն, երբ ազգային հիվանդներն օտարներու կը դիմենք, ո՜հ, օտարասիրությո՛ւն, օտարասիբությո՛ւն, գոչեց բժիշկն աչերն երկինք վերցնելով, ե՜րբ պիտի երթաս մեր քովեն։


— Օտարասիրությունը աղեկ բան չէ։


— Մանավանդ թե բժիշկները քաջալերելու չափ հիվանդություն ալ չկա մեր ազգին մեջ, և այն ազգին մեջ, որ հիվանդությունը տարածված չէ, պարապ բան է Եվրոպայի