Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


կրած ըլլամ և կրեմ։ Այո՛, Ծերենցն կը ներկայացնե անձերն ոչ թե ինչպես որ են, այլ ինչպես որ կերևին. Ծերենցն այս մասին որչափ ալ երկնցնե յուր մազերն, իրավունք ունի, վասնզի ունինք հեղինակներ, որոնք Ծերենց են ավելի երկար մազ ունին և կր ներկայացնեն իրենց անձերն ոչ թե ինչպես որ են, այլ ինչպես որ կուզեն իրենք, որ ըլլան անոնք։ Ասոր համար է, որ կին-հեղինակներն երբ Հայկ կամ Վարդան կամ Արտաշես ներկայացնել ուզեն, Վիքթոր Հյուկոյի խոսքերը կամ Մոլթքեյի կարծիքները կը դնեն անոնց բերնին մեջ։ Ասոնք կը կարծեն, թե երբ Ադամը յուր ժամանակին հատուկ պարզությանը մեջ ներկայացնեն, կը կորսունեն իրենց տաղանդն, եթե ունին, կամ կը վնասեն իրենց հանճարին, զոր ունենալ կը կարծեն, կամ վերջապես կը զրկվին այն համբավեն, զոր վաստակիլ կերազեն։ Ո՞վ ըսած է այս ողբեթզակներուն, թե ավելի դժվար է մեկուն պատկերն ճշտությամբ նկարելն, քան թե երևակայությամբ անբնական պատկեր մը գծելն. ո՞վ պոռացած է ասոնց ականջն ի վայր, թե նկարիչ մը պատկերներ ստեղծելու սկսելե առաջ՝ պատկերներ ընդօրինակելու է։ Ոչ ոք։ Եվ ո՞վ կը հանդգնի այս փափուկ ժամանակին մեջ ուրիշի մը գործն անաչառաբար քննադատելու։ Մեր քննադատները, քիչ բացառությամբ, ակնոց ակնոցի վրա կը դնեն գործի մը մեջ գեղեցիկ կտորներ փնտրելու համար, փնտրելու համար և ոչ թե տեսնելու համար, վասնզի տեսնված բանը չփնտրվիր։ Ասոնք բնավ տարբերություն չունին գրաքննիչներեն, որք ոևէ հրատարակության մը մեջ միայն տգեղ կտորներ կը փնտրեն։ Չեմ տեսած քննադատ մը, որ տգեղ հրատարակության մը կոկորդեն բռնե, սղմե և սպաննե զայն։ Սպաննելու չէ, գործ մը գեղեցկացնելու աշխատելու է, կըսե, անոր գեղեցիկ կողմերը ցույց տալով միշտ և տգեղ կետերը հեռվանց ցցունելով խիստ քիչ անգամ։ Ո՛չ, պարոն ազատներ, ո՛չ իրավունք չունիք, սպանեցե՛ք տգեղ գործեքն և վստահ եղեք, որ պիտի գեղեցկանան անոնք։ Մարդեր կան, որ կը գեղեցկանան, երբ մեռնին։ Ես, որ այսչափ խստությամբ կը խոսիմ ուրիշներու երկերուն վրայոք՝ կը կար—