Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյան զենիթը բարձրացած են, չեմ կարծեր, որ ասոնք իմանալեն ետքը դասագիրքերես հարյուր օրինակ չառնեք։


— Այդ ճաշարանն ասկից շատ հեռու է։


— Չէ՛, մոտեցանք։ Միայն դասատուները չեն, որ այս վիճակի մեջ են, խմբագիրները, հեղինակները, տպարանապետները, գրավաճառներն, վերջապես անոնք, որ գիրքով կ՝զբաղին, թշվառությամբ կզբաղին։ Հառաջադիմություն կը պոռանք և ետ ետ կ՝երթանք, լույս կը պոռանք և դեպի խավար կերթանք, աջ կը կոչենք և դեպի ձախ կերթանք, ապագա կըսենք և դեպի անցյալ կը վազենք։ Ո՜հ, մեծ մեծ խոսքեր, իսկ մեծ գո՞րծ...


Ա՜հ, մեծագործություն...


Ո՜հ, մեծախոսություն...


— Կերակուրներն ի՞նչպես են այն ճաշարանին։


— Աղեկ են։ Հարյուր դասագիրքը տունը ղրկե՞մ, թե...


— Պատասխանը քանի մօրեն կուտամ...


Երկու բանակիցներն խոսելով հասան ճաշարանին առջև:


— Հրամմեցե՛ք, մտեք, Աբիսողոմ աղա։


Աբիսողոմ աղա կը մտնե ճաշարան և չորս կողմը հայելիներե ուրիշ բան չտեսնելով՝


— Սխալ եկանք, կըսե, հոս հայելի կը ծախեն։


— Չէ՛, չէ՛։


Երկու բարեկամներն կը նստին սեղանի մառջև։


Մանչուկը կը բերե կերակուրներու ցուցակը։


Աբիսողոմ աղա թուղթը կառնե, վրան կը նայի, կը դարձունե, ետևի կողմն ալ կը նայի և սեղանին վրա կը դնե։


— Ի՞նչ պիտի ուտեք, կը հարցունե դասատուն։


— Միսով կերակուր կուտեմ ես։


Դասատուն մանչուկը կը կանչե և կերակուր կ՛ապսպրե թե՛ Աբիսողոմ աղային համար և թե՛ իրեն համար։


— Ահա այսպես, Աբիսողոմ աղա, դասատուներուն այս վիճակը լսելով չե՞ս ցավիր։


— Չցավիլե ալ խո՞սք է։


— Կը վայլե՞ ազգի մը այսպես մուրացկանի պես ապրեցնել յուր վարժապետները։