Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Չվայլեր։


— Եթե կուզեք՝ գիրքերն այս գիշեր տունը ձգեմ։


— Հիմակուհիմա թո՛ղ մնա, ուրիշ օր մը կը խոսինք ասոր վրա։


Մանչուկը կերակուրները կը բերե. Աբիսողոմ աղան երեսը խաչակնքելով երկու պատառ կ՝ընե և կը կլլե իրեն բերված խորոված միսը, ետքը բարեկամին դառնալով կըսե.


— Կտոր մը միսով մա՛րդ կը կշտանա, զրուցե՛ սա անպիտանին, որ քիչ շատկեկ բերե։


Մանչուկ կը կանչվի, և բիլավ կապսպրվի։


Այս միջոցին միջահասակ և գիրուկ երիտասարդ մը կը մտնե ճաշարան՝ ի ձեռին ունենալով ծրար մը և ուղղակի Աբիսողոմ աղային առջև կուգա։


— Կարծեմ, կըսե, Աբիսողոմ աղան տեսնելու պատիվը կը վայելեմ։


Աբիսողոմ աղա բան մը չհասկնալով նոր եկողին երեսը կը նայի անբարբառ։ Հովի բարեկամն ալ ձայն չհաներ։


— Կարծեմ, կը կրկնե, այն մեծ մարդուն առջև գտնվելու բարեբախտությունն ունիմ, որ մայրաքաղաքս եկած է Մեկենաս անվանվելու համար։


Աբիսողոմ աղան, որ այս ձևերուն տեղյակ չէր, գդալը կառնե և կսկսի ուտել բիլավն, զոր նոր բերած էր մանչուկը։ Սեղանակիցն ալ նոր գրագետի մը գալն իր գործույն արգելք համարելով չուզեր անոր պատասխանել։


— Կարծեմ, կերեքնե, այդ ազնիվ անծին քովը գտնվելու բախտը կը վայելեմ, որուն անունը քանի մը օր առաջ լրագրի մը մեջ կարդացի։


Աբիսողոմ աղան, որ բիլավով կզբաղեր՝ դարձյալ պատասխան չտար և նոր եկողը կստիպվի պարզել յուր խոսքն ըսելով.


— Աբիսողոմ աղան հրամանքնիդ եք կարծեմ։


— Այո՛, ես եմ։


Նոր եկողն աթոռմը կառնե և կը նստի։


Մանչուկը կուգա հարցնելու վերջեն եկողին, թե ի՞նչ կուզե ուտել: